ԱՄՆ-ը «աղմուկով» նահանջում է

Արդեն շատերն ինձ անվանում են «Իրանի գործակալ» այն բանի համար, որ իմ նյութերում ես հաճախ եմ անդրադառնում Իրանի թեմային։ Դա իմ մեղք չէ, և ես ոչ մեկի գործակալը չեմ, պարզապես բավական պարզ տեսել և տեսնում եմ (դեռ 1993 թվականից), որ  Հայաստանի և Անդրկովկասի շուրջ տեղի ունեցող շատ գործընթացներ կապված են ԱՄՆ և Իսրայելի հակաիրանական ծրագրերի հետ։ Իրանի իրավիճակով լրջորեն մտահոգվել են նաև Թուրքիայում։ Ես ցանկանում եմ հայ հասարակությանը ծանոթացնել, թե ինչ են գրում Անկարայում իրանա-ամերիկյան հարաբերությունների մասին։ Այդ դեպքում Երևանում շատերը կհասկանան իրավիճակի լրջությունը նաև մեր պետության համար։

Այսպես, թուրքական Milliyet թերթը վերջերս նշել էր, որ Վաշինգտոնի և Թեհրանի հակամարտությունը կարելի է բնորոշել որպես ամերիկացիների կողմից ծրագրված լայնածավալ հոգեբանական պատերազմի իրագործում։ Ըստ թերթի՝ «ԱՄՆ-ն ասես տրամադրվում է Իրանի հետ պատերազմի, սակայն պատերազմել չի պատրաստվում»։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկը մյուսի հետևից պատժամիջոցներ է կիրառում Թեհրանի նկատմամբ և ռազմական նավեր է կուտակում Պարսից ծոցում, բայց մյուս կողմից բացահայտ ասում է՝ թող իրենք ինձ զանգահարեն, նստենք, խոսենք, արդար գործարք կնքենք։ Մենք չենք ուզում Իրանին վնաս պատճառել։ Իսկ զանգահարելու համար Թրամփը Շվեյցարիայի հեռախոսահամար է տրամադրել։ Թրամփը Թեհրանը ծնկի բերելու փորձերը շարունակելու է միայն տնտեսական և դիվանագիտական հարձակումներով։ Սակայն,  Milliyet-ի դիտարկմամբ, ամերիկյան առաջին հարձակումներն սկսել են ձախողվել։

Հիմա էլ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շենահենը հայտարարում է, որ չնայած իր կարծիքով «Մերձավոր Արևելքում Իրանի կողմից վտանգի չափը շարունակում է բարձր մնալ, Պենտագոնի կիրառած հանդուրժողականության շնորհիվ հաջողվել է «կասեցնել» ամերիկյան քաղաքացիների վրա հարձակումների վտանգը»։ Այնուհանդերձ Պենտագոնում չեն հստակեցնում, թե երբ և որտեղից էր Իրանի կողմից նման վտանգ առաջացել։ Մինչև այդ Վաշինգտոնը հայտարարել էր, թե Թեհրանը «պատասխանատվություն է կրում Սաուդյան Արաբիայի երկու նավթահոր կայանների վրա վերջերս տեղի ունեցած հարձակման և չորս նավթային լցանավերի սաբոտաժի համար։ Իսկ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն էլ հստակեցրել է․ «Մենք վերջնական հետևություն չենք արել, սակայն, հաշվի առնելով վերջին տասնամյակներին տարածաշրջանային բոլոր հակամարտությունները և հարձակումների բնույթը, լիովին հնարավոր է թվում, որ Իրանն է կանգնած եղել դրանց հետևում»։ Reuters-ը, ամերիկյան հատուկ ծառայություններին հղումով, ավելացրել է․ «ԱՄԷ նավթային լցանավերի վրա հարձակումը կարող էին իրականացնել Իրանի իշխանություններին համակրող կամ նրանց համար աշխատող ուժերը, այլ ոչ Իրանը»։

Կցանկանայի ավելացնել՝ մենք թուրք չենք և իրավունք ունենք ավելի լայնախոհ մտածել։ Պարզ է, որ այդ ուժերը (որոնք ինչ-որ բան էին պայթեցնում) կարող են լինել անգամ ԱՄՆ կամ Իսրայելի հատուկ ծառայությունները։ Ինչևէ։ Շարունակենք մեջբերել թուրքական ԶԼՄ-ներից։ Milliyet-ի կարծիքով նշված «աշխարհաքաղաքական կոնցեռնի» բոլոր մասնակիցները շարունակում են պահպանել քաղաքական նորաձևության ասպարեզ մտած «փակ դիվանագիտության» հանդեպ համակրանքը։ Թուրքական թերթի հետևությամբ այսօր Մերձավոր Արևելքը  ոչ միաբևեռ է, ոչ երկբևեռ։ Ուժային կենտրոնները գնալով ավելանում են։ Հաշվի առնելով նաև ոչ պետական խմբավորումները՝ ակնհայտ է դառնում, որ ուժերի այդպիսի դասավորվածության պայմաններում կարող են ամենաանսպասելի որոշումներ ընդունվել։

Մեկ այլ թուրքական թերթ՝ Star gazete-ը, գրում է․ «Մենք մեր ներկայությունը տարածաշրջանում ապահովում ենք բազմաթիվ հարցեր լուծելու նպատակով, ոչ թե Իրանի դեմ պատերազմելու համար»։ Իսկապես, Star gazete-ն արձանագրում է, որ Թեհրանի վրա ճնշում գործադրելուն զուգահեռ ամերիկացիները «ճնշում են» նաև Անկարային։ «Թուրքիային փորձում են սանձահարել սիրիական սահմանի  և Միջերկրական ծովի կողմից,- հայտնում է թերթը։ -Իսկ Իրան-ԱՄՆ լարվածությունը Անկարային դրդում է կարևոր ռազմավարական քայլերի՝ ի պատասխան իր շահերին  վնասող գործողությունների»։ Այսպիսով, Վաշինգտոնը Թուրքիային տալիս է երկու շաբաթից քիչ ավելի ժամանակ ամերիկյան F-35 կործանիչ-ռմբակոծիչների գնման հարցում վերջնականորեն կողմնորոշելու համար՝ պահանջելով հրաժարվել ռուսական Ս-400 ԶՀՀ-ից։ Ամերիկացիները սպառնում են թուրքերին պատժամիջոցներով։ Միջերկրական ծովում ստեղծվում է Թուրքիային խաղից դուրս հանելուն միտված ճակատ, կոալիցիայի կազմի մեջ են մտնում ԱՄՆ-ը, Իսրայելը, հունական Կիպրոսը և Հունաստանը։ Սակայն դրա հետ մեկտեղ Վաշինգտոնը հայտարարում է, որ սատարում է Անկարային սիրիական Իդլիբում և «Ռուսաստանի ու Սիրիայի կառավարության վրա է բարդում ապաէսկալացման գոտում իրավիճակը սրելու պատասխանատվությունը։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնը չի փոխում իր դիրքորոշումը Թուրքիայի և ԱՄՆ միջև հարաբերություններում գայթաքար հանդիսացող քրդական հարցի վերաբերյալ: Վաշինգտոնը նաև կոչ է անում Թուրքիային հրաժարվել իրանական նավթի գնումներից և էներգետիկ գործարքներ սկսել Սաուդյան Արաբիայի հետ:

Այժմ դիմեմ ամերիկյան աղբյուրներին: The National Interest պարբերականն ընդունում է՝ երբ Անկարան ընդլայնի էներգետիկ ոլորտում Իրաքի հետ համագործակցությունը, թուրքերին կառաջարկեն զսպել Իրանի հավակնությունները: Թուրքիային խորհուրդ են տալիս Իրաքում հույս կապել սուննիների հետ, ստանալ արաբական աշխարհի աջակցությունը: Տեսականորեն դա հնարավոր է, սակայն The National Interest-ը գրում է, որ ԱՄՆ-ը լուրջ սխալներ քիչ չի արել` հակառակորդ դառնալով միաժամանակ և Իրանին և Թուրքիային: Ամերիկացիների համար իրենց նպատակների իրականացման այլ մեխանիզմներ գոյություն չունեն՝ Թրամփի մարտավարության պատճառով, քան ուժ գործադրելով ինչ-որ մեկին պարտադրել բանակցությունների սեղանի շուրջ նստել։ Եվ ԱՄՆ-ը, ինչպես ասում է Այաթոլլահ Ալի Խամենեին, ստիպված է «աղմուկով» նահանջել։ Բայց ամեն ինչ այդքան պարզ չէ: Թուրքիան չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ բանակցություններից, եթե Վաշինգտոնը կառուցողական դիրքորոշում ցուցաբերի  Թուրքիայի ազգային անվտանգության համար կարևոր հարցերի շուրջ: Իրանն ամերիկացիների առաջ «Թեհրանին հարգանքով վերաբերվելու պայման է դրել` հորդորելով կատարել վիճելի միջուկային գործարքի շրջանակներում իր պարտականությունները» և մտադիր չէ «պարտադրված բանակցություններ սկսել»: Բացի դրանից, ըստ Stratfor կենտրոնի, «Իրանն ու Թուրքիան ձեռքի տակ հաղթաթուղթ ունեն՝ Ռուսաստանը: Նրանք դա բացահայտ ցուցադրում են Վաշինգտոնին, երբ վերջինս սպառնում է էսկալացիայով»: Մոսկվան իր հերթին ապացույցների մեծ ժողովածու ունի այն մասին, որ ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում կորցնում է ռազմավարական  առավելությունը, սակայն այդ պետությունը նույնպես չի հրաժարվում ամերիկացիների հետ տարածաշրջանային անվտանգության խնդիրների մասին երկխոսությունից:

Սերգեյ Շաքարյանց