ԱՄՆ-ը մտադիր է Եվրոպային արգելե՞լ զենքի արտադրությունը

Վերջին օրերին ԱՄՆ-ից հնչող հայտարարությունները, իմ կարծիքով, վկայում են այն մասին, որ Վաշինգտոնն այլևս չի վերահսկում իրադրությունն աշխարհում։ Ես հաճախ եմ գրում իրանա-ամերիկյան հարաբերությունների կտրուկ սրման մասին և լավ կլինի՝ ընթերցողները իմանան ամբողջ աշխարհով մեկ Թեհրանի և Վաշինգտոնի կոշտ դիմակայության արմատների մասին։ Հիմա էլ ԱՄՆ-ը ակնհայտորեն սկսում է ընդհարում հրահրել ոչ պակաս կարևոր ռազմավարական «խաղացողների»՝ Եվրոպայի և Ռուսաստանի հետ։ Իսկ դա վնասում է եվրոպական երկրներում և ՌԴ-ում ազգային սպառազինություն արտադրողների շահերին։

Սկզբում՝ դեռ մայիսի 14-ին, Վաշինգտոնը Բրյուսելին զգուշացրեց տնտեսական և քաղաքական հետևանքների մասին սեփական պաշտպանական նախագծերի մշակումը շարունակելու դեպքում։ Այս մասին տեղեկացնում է իսպանական El Pais թերթը՝ հղում կատարելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլեն Լորդի կողմից եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին ուղղված նամակին։ Նամակում նշված է, որ պաշտպանական ոլորտում Եվրամիության ներկայիս ծրագրերը սպառնում են 10-ամյա տրանսատլանտյան պաշտպանական արդյունաբերության ինտեգրմանը և ՆԱՏՕ-ի շրջանակներում ռազմական համագործակցությանը։ Մասնավորապես, Վաշինգտոնը դժգոհ է Եվրոպական պաշտպանական հիմնադրամի կանոնադրության ընդունմամբ, որը հնարավորություն է ընձեռում նաև Եվրոպայի մաս չկազմող, ԵՄ կազմում չընդգրկված երկրներին ներգրավել նախագծերում։

ԱՄՆ-ը նաև պնդում է, որ նախագծերից հանվեն մտավոր սեփականության և արտահանման վերահսկողությանը վերաբերող պայմանները, ինչպես նաև վետոյի իրավունքի մասին դրույթը, որը թույլ է տալիս այս կամ այն նախագիծն իրականացնող պետությանը համագործակցության հրավիրել ցանկացած ձեռնարկություն։ Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է ԵՄ 2021-2027 թթ․բյուջեում 40%-ով ավելացնել պաշտպանությանն ուղղված ներդրումները, ինչպես նաև ստեղծել Եվրոպական պաշտպանական հիմնադրամ։

ԵՄ-ը հույս ունի հիմնադրամի հաշվին արված ներդրումների շնորհիվ հայտնվել Եվրոպայում պաշտպանական հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտում չորս խոշորագույն ներդրողների ցանկում։ Նախատեսվում է, որ 2021-2027 թթ․բյուջետային փուլի շրջանակներում  4,1 միլիարդ եվրո է հատկացվելու «մրցունակ և համատեղ հետազոտական նախագծերի» ֆինանսավորման համար։ Հիմնադրամի անդամ-պետությունների ներդրումներին կգումարվի ևս 8,9 միլիարդ եվրո՝ ԵՄ-ի ֆինանսների հաշվին, որը կտրամադրվի նմուշների մշակման, հավաստագրման և փորձարկումների համար։

Բայց եթե ավելի խորամուխ լինեն Էլլեն Լորդի հայտարարության մեջ, ապա պարզ կդառնա, որ Վաշինգտոնը Եվրոպային արգելում է սեփական զենք և ռազմական տեխնիկա արտադրել։

Իսկ մայիսի 21-ին ԱՄՆ-ն ընդլայնեց ՌԴ նկատմամբ պատժամիջոցները՝ սև ցուցակում ավելացնելով երկու ռուսական ձեռնարկություն և մեկ ռազմական ուսումնական կենտրոն, որոնք «մեղադրվել են» զանգվածային ոչնչացման զենքեր չտարածելու մասին ԱՄՆ ազգային օրենսդրության խախտումների մեջ։ Փաստաթղթում նշված է, որ պատժամիջոցների ենթարկված հաստատություններն իբր թե խախտել են Իրանին,  ԿԺԴՀ-ին և Սիրիային զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման տեխնոլոգիաները փոխանցելու արգելքը։ ԱՄՆ Դաշնային ռեեստրում տպագրված՝ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ նշված է, որ պատժամիջոցները կիրառվել են Տուլայում գտնվող «Գործիքաշինական կոնստրուկտորական բյուրո»-ի, մոսկովյան «Ավանգարդ» մեքենաշինական գործարանի և Գատչինայում զենիթահրթիռային զորքերի ուսումնական կենտրոնի նկատմամբ։ Միջոցները ուժի մեջ են մտել այն ժամանակից, երբ ԱՄՆ-ը վերջնագիր ներկայացրեց եվրոպական զինագործական ձեռնարկություններին՝ 2019թ․ մայիսի 14-ին։ Դրանք ուժի մեջ են լինելու 2 տարի։ Պատժամիջոցներն արգելում են ԱՄՆ պետական մարմիններին այդ ընկերություններից որևէ ապրանք ձեռք բերել, ծառայություններ ստանալ, նաև արգելվում է որևէ օգնություն ցուցաբերել այդ ընկերություններին։

Գատչինայի զենիթահրթիռային զորքերի ուսումնական կենտրոնը և Տուլայի գործիքաշինական բյուրոն նախորդ տարիներին արդեն հայտնվել են ԱՄՆ «պատժամիջոցների ցուցակում», ընդ որում,  նորից զանգվածային ոչնչացման զենք չտարածելու ռեժիմի խախտման համար։ Մոսկովյան «Ավանգարդ»-ը Ս-300 և Ս-400 համակարգերի բոլոր մոդիֆիկացիաների համար հրթիռներ արտադրող միակ գործարանն է Ռուսաստանում։

Տուլայի ԳԿԲ-ն, որը «Ռոստեխի» կազմում է, Ռուսաստանի խոշորագույն պաշտպանական ձեռնարկություններից մեկն է, զբաղվում է բարձր դիպուկության զենքերի և ՀՕՊ միջոցների մշակմամբ։ Պարզ է, որ ԱՄՆ պատժամիջոցները տարածվելու են նաև այն ընկերությունների և պետությունների վրա, որոնք ռուսական արտադրողների հետ հրթիռների և Ս-300, Ս-400 զենիթային համակարգերի մատակարարման մասին պայմանագրեր կնքեն։ Իմիջայլոց, Հայաստանը նույնպես Ռուսաստանից է ստանում նշված զինատեսակները և դրանց հրթիռները։ Այլ կերպ ասած, ամերիկացիները մարտահրավեր են նետում գրեթե ողջ քաղաքակիրթ աշխարհին, նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրների։ Հիշեցնեմ, որ 1990-ական թվականներին Կիպրոսը գնել է Ս-300 ԶՀՀ, բայց ըստ պայմանավորվածությունների, դրանք տեղակայվել են Կրետե կղզում (Հունաստան), իսկ այժմ Թուրքիան բանակցություններ է վարում Ս-400 ձեռք բերելու համար։

Սերգեյ Շաքարյանց