Լույս է տեսել Հայոց ցեղասպանության մասին «Զարթօնք» մատենաշարի առաջին գիրքը

Աշխարհի տարբեր գրադարաններում հաշվվում է մոտավորապես 1000 տպագիր հատոր-հուշագրություն

Օրերս «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի է ունեցել «Միլիոնէն մէկը. ցեղասպանութեան ականատես զէյթունցի պատանիի մը յուշերը» գրքի շնորհանդեսը: Այս մասին տեղեկացրել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։ Գիրքը հրատարակվել է «Զարթօնք» օրաթերթի կողմից, դկտ. Անդրանիկ Դագեսյանի խմբագրությամբ: Այն «Զարթօնք» մատենաշարի առաջին գիրքն է:

Միջոցառմանը ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանն իր խոսքում կարևորել է նման հուշագրերի հրատարակումը, ներկայացրել է գրքի հրատարակման պատմությունը՝ հույս հայտնելով, որ լիբանանյան գործընկերների հետ համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի տպագրել պատմագիտական մեծ արժեք ներկայացնող մի շարք անտիպ հուշագրություններ, որոնք պահվում են ՀՑԹԻ արխիվային հավաքածուում:

«Յուրաքանչյուր հուշագրություն գաղտնիքներ է պարունակում թե ընթերցողների, թե հետազոտողների համար,- նշել է Հարություն Մարությանը: Ամեն մի հուշագրություն նորություն է բերում և հյուլե ավելացնում Հայոց ցեղասպանության պատմությանը: Ինչքան էլ մենք ուսումնասիրում ենք այդ պատմությունը, տեսում ենք, որ կան բազմաթիվ չբացահայտված էջեր, և այդ էջերի զգալի մասը ոչ թե արխիվներում է, այլ հենց մարդկանց հուշագրություններում: Մարդիկ, ովքեր տեսել են ցեղասպանությունը, զգացել են այն իրենց կաշվի վրա և կյանքի որոշակի փուլում որոշել են այդ ամենը թղթին հանձնել»:

Գրքի շնորհանդեսին ելույթ է ունեցել նաև «Զարթօնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանը, ով իր երախտագիտությունը հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին միջոցառումը կազմակերպելու ու իրենց թիմին աջակցելու համար: Պարոն Հակոբյանը նաև ՀՑԹԻ արխիվին հանձնեց «Միլիոնէն մէկը» ձեռագիր հուշագրության բնօրինակի եզակի օրինակը՝ երեք տետրակ՝ գրված ցեղասպանությունից մազապուրծ պատանու ձեռքով: Զարթոնքի խմբագիրը նաև պատվեց թերթի ամենատարեց ընթերցողներից մեկին, ում հանձնվեց օրաթերթի առաջին համարի պատճենով պատրաստված սալաքար:

«Գրքի հերոսի` Հարություն Գալայճյանի անունն ընդամենը մի քանի ամիս առաջ ոչ ոք չէր էլ լսել: Նա ծնվել է Զեյթունում, ականատես է եղել Հայոց ցեղասպանությանն ու հետագայում մահացել Բրազիլիայում: Հավանաբար, նրա անմիջական շրջանակից բացի, ոչ ոք նրա մասին չգիտեր, բայց գրքի շնորհիվ նա քաջածանոթ դարձավ մեր հազարավոր ընթերցողներին: Սա է «Զարթոնք» մատենաշարի թաքուն նպատակը»,-շեշտեց Սևակ Հակոբյանը:

Միջոցառմանը որպես հիմնական բանախոս ելույթ է ունեցել բանասեր, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաշխատող, Հայոց ցեղասպանության հուշագրությունների, վավերագրերի և մամուլի բաժնի վարիչ Միհրան Մինասյանը: Վերջինս բարձր գնահատելով «Միլիոնէն մէկը» գրքի հրատարակությունն ու կատարված խմբագրական աշխատանքը, իր խոսքում հիմնականում անդրադարձավ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ու հուշագրությունների հանրայնացման ու տպագրման խիստ անհրաժեշտությանը:

«Այս հուշագրությունները, նույնիսկ ամենահամեստ շարադրանքով գրվածները, կարևոր են Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության համար: Յուրաքանչյուր հուշագրության մեջ կարելի է հանդիպել առաջին հայացքից անկարևոր մի տեղեկության՝ անուն, թվական, դեպք, որը պարզվի, որ հետազոտողը փնտրել է տարիներ շարունակ: Բացի դրանից, յուրաքանչյուր հուշագրություն ունի բազմաթիվ շերտեր, որոնք հավասարապես կարևոր են և պատմաբանի, և գրողի, և հոգեբանի, և սոցիոլոգի, և ազգագրագետի, և տնտեսագետի համար:

Այս պահի դրությամբ աշխարհի տարբեր գրադարաններում հաշվվում է մոտավորապես 1000 տպագիր հատոր-հուշագրություն, իսկ տարբեր արխիվներում ու մասնավոր հավաքածուներում պահվող անտիպ հուշերի մասին նույնիսկ դժվար է ասել, քանի որ գրեթե ամեն օր հայտնվում են նոր ձեռագրեր, որոնք ընտանիքները հանձնում են թանգարանին:

Կարծում եմ՝ նախ և առաջ  կարելի է մշակված հարցաշարով եղած անտիպ հուշերի ծանոթագրություն կազմել, որն արդեն մեծ աջակցություն կլինի հետազոտողի համար, ով կհասկանա՝ որտեղ և ինչ փնտրել:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այժմ աշխատում է անտիպ ձեռագրերի վրա, որոնք կհրատարակվեն համապատասխան ծանոթագրությամբ: Այդ ձեռագրերը լույս են տեսնելու հատուկ մատենաշարով»: