Կոնստանտին Օրբելյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Նազենի Ղարիբյանի

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի։ Այս մասին տեղեկացանք դատական տեղեկատվական համակարգից:

Առաջին վարչական հայցով Օրբելյանը պահանջում է անվավեր ճանաչել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019 թվականի հունվարի 14-ի վարչապետի որոշումը:

Գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին: Որպես երրորդ անձ է ներգրավվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ը։

Իսկ քաղաքացիական հայցով ընդդեմ Նազենի Ղարիբյանի՝ պահանջում է  2019 թվականի մարտի 3–ի «Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու հրամանը» անվավեր ճանաչել, աշխատանքում վերականգնել և հարկադիր պարապուրդի գումարը վճարել:

Գործը մակագրվել է քաղաքացիական դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին:

Հիշեցնենք, որ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով՝ Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր թատրոնի տնօրենի պաշտոնից, քանի որ ըստ ՏԻՄ օրենքի՝ նա չի կարող միաժամանակ զբաղեցնել թատրոնի տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, իսկ «Լեզվի մասին» օրենքի համաձայն՝ նա պետք է տիրապետի հայերենին (Օրբելյանը ռուսերեն է հաղորդակցվում)։

Ղարիբյանի կողմից հրամանը ստորագրելու հաջորդ օրը Օպերային թատրոնի անձնակազմը բողոքի ցույց արեց, որից հետո նրանց հանդիպեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դեռևս 1,5 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո Օպերային թատրոնն իր հակափաստարկներն էր ներկայացրել վարչապետին՝ Օրբելյանի գործուղումների իրավական հիմքերի, նրան վերագրվող ֆինանսական կորուստների և մի շարք այլ հարցերի առնչությամբ։ Նիկոլ Փաշինյանից որևէ արձագանք չստանալով՝ Օրբելյանը դիմել է դատարան:

Հավելենք, որ Կոնստանտին Օրբելյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել էր 2017 թվականի օգոստոսի 3-ին` այն ժամանակվա մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով։