Քննարկվել են Հայաստան-Վրաստան կապերի ամրապնդմանն ուղղված հարցեր

ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը մանրամասներ է ներկայացրել հանձնաժողովների աշխատանքից

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը, պատվիրակության անդամներ Վահե Էնֆիաջյանը և Արտակ Մանուկյանը մայիսի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել կառույցի՝ մայիսի 15-16-ը Բաթումում տեղի ունեցած աշխատանքների վերաբերյալ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը։

Բաբկեն Թունյանի խոսքով՝ կայացել են Իրավական և քաղաքական հարցերի, ինչպես նաև Տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովների 53-րդ և 52-րդ նիստերը, որոնց մասնակցել և ելույթներ են ունեցել հայկական պատվիրակության անդամները:

Աշխատանքներն ընթացել են բնականոն հունով, որևէ արտառոց միջադեպ տեղի չի ունեցել:

Իրավական և քաղաքական հարցերի հանձնաժողովի քննարկումների առանցքում եղել են մարդու իրավունքներին վերաբերող հարցեր: Մյուս հանձնաժողովում, որի աշխատանքը վարել է Վահե Էնֆիաջյանը, տեղի են ունեցել «Կանաչ տնտեսություն, կապույտ աճ» անվանումն ստացած թեմայով քննարկումներ, որի շրջանակում ելույթ է ունեցել նաև Արտակ Մանուկյանը: Նա խոսել է արևային էներգիայի օգտագործման հարցից, ներկայացրել այդ ճյուղի վերաբերյալ Հայաստանի հնարավորություններն ու չօգտագործված ներուժը: Հայ խորհրդարանականն անհրաժեշտ է համարել ներդրումներ ներգրավելով՝ զարգացնել այն:

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Աջարիայի Առևտրատնտեսական պալատի ներկայացուցիչների, գործարարների, ինչպես նաև հայ համայնքի անդամների հետ: Քննարկվել են Հայաստան-Վրաստան կապերի ամրապնդմանն ուղղված հարցեր:

Վահե Էնֆիաջյանը դրական է գնահատել նորակազմ հայկական պատվիրակության աշխատանքը կառույցում, անդրադարձել վեհաժողովի՝ Բաքվում կայանալիք լիագումար նիստում քննարկվելիք հարցերին՝ նշելով, որ այդ ընթացքում տեղի է ունենալու ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի ընտրությունը:

Պատվիրակության անդամները պատասխանել են նաև լրագրողների հարցերին: