Ի՞նչ իմաստ ունի մի քանի միլիոն դոլարի սարքավորում ներկրել միայն նրա համար, որ տեսախցիկների առաջ բացում անի․ Փաշինյան

«Մենք այդ հարցը քննարկել էինք, և ներկայացվել է, որ մոնիտորինգի արդյունքում արտոնությունները ծառայում են իրենց նպատակներին: Նշվել է, որ այդ ոլորտում էական խնդիրներ չկան, և ներկրումներն իննսուն և ավելի տոկոսով ծառայում են իրենց նպատակներին, և միայն երկու ծրագիր կա, որոնց հետ կապված հարցեր կան, և դրանցով զբաղվում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանն այսօր, կառավարության նիստին` ներդրումային ծրագրերի շրջանակներում արտոնություններ տրամադրելու հարցի քննարկմանը։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ կենցաղային տեխնիկա արտադրող կազմակերպության նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, և վարչապետը նկատեց, որ դա քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ գնացել են, բացում են արել, և չի աշխատում:

«Տասնհինգ մարդ հեռուստացույցներ է հավաքում արդեն,- ասաց Տիգրան Խաչատրյանը և նշեց, որ այդ մասին արդեն հայտարարել է,- կայցելեն և բոլորը կտեսնեն, որ աշխատում են»:

Վարչապետը նշեց, որ այստեղ ամենամեծ ռիսկը շուկան է, և հույս հայտնեց, որ ներդրողների շուկայի հետ կապված ծրագրերը կիրագործվեն: «Հույս ունենք, որ այդ արտադրանքը հայաստանյան շուկայում հաջողություն կունենա, սա, ըստ էության, առաջին փորձն է: Հետսովետական շրջանում կենցաղային տեխնիկա հավաքելու փորձ չենք ունեցել»,- ասաց նա և նշեց, որ հայկական տեխնոլոգիական լուծումներ էլ կլինեն:

Ինչ վերաբերում է ներկրումների համար արտոնությունների՝ նպատակին չծառայելու մտահոգություններին, վարչապետն արձագանքեց. «Մեկը կարա՞ ինձ բացատրի՝ ի՞նչ իմաստ ունի մի քանի միլիոն դոլարի սարքավորում ներկրել մենակ դրա համար, որ տեսախցիկների առաջ բացում անի, հետո ի՞նչ անել այդ սարքավորումները»:

Անդրադառնալով  հիսունմեկ հազար աշխատատեղերին, վարչապետը հույս հայտնեց, որ դրանք կավելանան: «Դրանց մեկ հինգերորդը նոր ստեղծված աշխատատեղեր են, դա վստահելի գնահատական է, մյուս մասը ստվերից դուրս եկած են, երկուսն էլ լավ է՝ և´ ստվերից դուրս եկածը, և´ նոր ստեղծվածները, պոզիտիվ են: Մեր  կանխավարկածը այն չէ, որ ստվերում աշխատատեղ չկա, հույս ունեմ՝ այդ պրոցեսները զուգահեռ կընթանան»,- ասաց նա: