«Ցանկացած հեղափոխություն արվում է նրա համար, որպեսզի գողերն ու բոզերը դառնան փիլիսոփաներ ու բանաստեղծներ»

Կամ՝ «Պերմանենտ հեղափոխության» տեսության նոր ընթերցումը

Մարքսիզմի դասականները գտնում էին, որ բուրժուա-դեմոկրատական հեղափոխության իրականացումից հետո, երբ բուրժուազիան շտապում է ավարտել հեղափոխությունը, պրոլետարիատը չի սահմանափակվում միայն ժողովրդավարական խնդիրների լուծմամբ, այլև փորձում է հեղափոխությանը հաղորդել անընդհատ բնույթ՝ մինչև պետական իշխանությունից ամբողջությամբ դուրս մղվեն ունևոր դասերը և իշխանությունը զավթի պրոլետարիատը:

Տրոցկին «պերմանենտ հեղափոխություն» հասկացությունը «հարստացնում էր»‰ աշխարհագրական բովանդակությամբ՝ նշելով, որ Հոկտեմբերյան հեղափոխությունը ավարտուն պրոցես չէ, այն միայն ամբողջ աշխարհում հեղափոխության իրականացման առաջին փուլն է: Ի դեպ, այս գործիչը շատ դիպուկ է բնութագրել նաև հեղափոխության մոտիվն ու էությունը՝ «Զանգվածները հեղափոխության մեջ մտնում են ոչ թե հասարակական վերակառուցման պատրաստի նախագծով, այլ հինը հանդուրժելու անհնարինության սուր զգացումով», ինչպես նաև նպատակը՝ «Ցանկացած հեղափոխություն արվում է նրա համար, որպեսզի գողերն ու բոզերը դառնան փիլիսոփաներ ու բանաստեղծներ» (հայցում եմ ընթերցողի ներողամտությունը կոռեկտության սահմաններից դուրս արտահայտությունների համար, բայց սա ուրիշի ուղղակի խոսք է):

Հայաստանյան պայմաններում պերմանենտ հեղափոխությունը ստանում է նոր բովանդակություն ու ընթերցում, այն է՝ հեղափոխության շարունակականություն ըստ ոլորտների՝ սոցիալական, արժեհամակարգային, տնտեսական, դատական… Ընդ որում, եթե նախորդ ընթերցումներն, ի վերջո, գոնե տեսականորեն տեսնում էին հեղափոխության ավարտը (իշխանության ամբողջական զավթումը պրոլետարիատի կողմից կամ հեղափոխության իրականացումն ամբողջ աշխարհում), ապա Հայաստանի պարագայում սա կարող է անվերջ լինել կամ դառնալ հենց Հայաստանի վերջը:

Բոլոր դեպքերում հեղափոխությունը, առավել ևս՝ պերմանենտ հեղափոխությունը, քանդման գործընթացի շարունակական իրականացում է, այլ ոչ թե արարման: Դա հեղափոխություն է հանուն հեղափոխության, երբ հեղափոխականներն իրենց տեղն ու դերը չեն տեսնում արարման մեջ:

 

Լևոն Անդրիասյան