Թումոն հաղթող է ճանաչվել Եվրոպական ժառանգության մրցանակաբաշխությունում

2019 թվականի մայիսի 21-ին Հաագայում տեղի է ունեցել Եվրոպական ժառանգության մրցանակաբաշխություն ՝ «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխություն 2019-ը, որի ընթացքում Թումոն հաղթող է ճանաչվել Կրթության, վերապատրաստման և իրազեկման բարձրացման անվանակարգում: Ոլորտի Եվրոպայի ամենահեղինակավոր այս մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Եվրոպական հանձնաժողովի ու Եվրոպայի ժառանգության պահպանման առաջատար ցանցի` Եվրոպա Նոստրայի և ֆինանսավորվում է ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի կողմից:

«Թումոն հստակ պատկերացնում է կրթական գործընթացը և համակողմանի մոտեցում է ցուցաբերում` ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով  խոցելի խմբերի պատանիներին ներգրավելով կրթության տարբեր ծրագրերում: Կրթական ծրագրերը նպաստում են նաև թվայնացման միջոցով նյութական և ոչ նյութական ժառանգության պահպանմանը»,- իր խոսքում ասել է ժյուրին:

Այս մրցանակը տրվում է պահպանման, հետազոտության, նվիրված ծառայության, կրթության, վերապատրաստման և իրազեկման բարձրացման ոլորտներում նշանակալի ավանդ ունեցող կազմակերպությունների և անհատների: Այս տարի 16 երկրից 25 մրցանակակիր է ընտրվել: Հաղթողների թվում են «Նորվեգիայի ազգային վստահություն» ՀԿ-ն, որը արդեն 175 տարի է զբաղվում է Նորվեգիայում ժառանգության պահպանմամբ, Թուրինի Սբ Պատանքի մատուռի վերականգնման նախաձեռնությունը, գնչուների մշակույթի և պատմության թվային արխիվի զարգացման նախաձեռնությունը և այլն:

Հատուկ մրցանակի են արժանացել Փարիզի հրշեջները, որոնք ապրիլի 15-ին կարողացել են ոչնչացումից փրկել Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական կառույցն ու ներսում գտնվող նմուշները: