Փաշինյանին իշխանության բերողները Հայաստանն ու Արցախը կանգնեցրել են լրջագույն վտանգի առջև

Անկախ ՀՀ վարչապետի նպատակից, նրա մայիսի 19-ի հայտարարությունը և հաջորդ օրը ՀՀ դատարանների մուտքերի շրջափակումը բացահայտ ճնշում էին հայաստանյան դատարանների, դատավորների, ՀՀ ողջ դատական համակարգի վրա, ինչը չի կարող իր հետևանքները չունենալ… Հնարավոր է, որ, ինչպես ներկայացրել էինք այս թեմայով մեր նախորդ հրապարակմամբ՝ «Իրականում ինչ նպատակ է հետապնդում Փաշինյանի հակասահմանադրական քայլը», հենց սա է Փաշինյանի նպատակը՝ ճնշում գործադրել ՀՀ դատական համակարգի վրա, որպեսզի համապատասխան դատարանները Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով իր ուզած մեղադրական դատավճիռը կայացնեն:

Սակայն, եթե վերոնշյալ գործով դատավորներն արդարադատություն չիրականացնեն, կայացնեն ՀՀ օրենսդրությանը հակասող դատավճիռներ, որոշումներ, Քոչարյանի պաշտպանները ՀՀ դատական համակարգի նկատմամբ ճնշման փաստը, կարծում ենք, լավագույնս կօգտագործեն Քոչարյանի իրավունքների խախտումը ու նրա քաղբանտարկյալ լինելը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հիմնավորելու համար:

Ինչպես խոստացել էինք մեր նախորդ հրապարակմամբ, ներկայացնենք նաև ՀՀ վարչապետի մայիսի 19-ի հակասահմանադրական կոչի և մայիսի 20-ի ելույթի հնարավոր նպատակի վերաբերյալ գոյություն ունեցող մյուս վարկածները:

Վարկած երկրորդ. հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխությունից հետո Փաշինյանի յուրայինների և հասարակության՝ վարչապետին դեռ համակրող շրջանում դժգոհություն առաջացավ նրա նկատմամբ: Շատ մարդիկ սկսեցին մտածել ու հրապարակայնորեն  արտահայտվել, որ Փաշինյանն այլևս իրավիճակի տերը չէ և ունակ չէ կառավարելու, սկսեցին կասկածել նրա կարողություններին: Բացառված չէ, որ ՀՀ վարչապետն իր հիշյալ հակասահմանադրական քայլով փորձեց իրենից դժգոհ, իր կարողություններին արդեն կասկածող այդ շրջանակին ցույց տալ, թե ինքը շարունակում է մնալ երկրի հզոր վարչապետը և իր կամքին ընդդիմանալու, իշխանության դատական թևի կողմից իր համար անընդունելի դատական ակտերի կայացման պարագայում ունակ է գնալու ծայրահեղ քայլերի: Ի դեպ, այս դեպքում վարչապետի արարքին թեև կարելի է և կարեկցանքով կամ «ըմբռնումով» մոտենալ, սակայն խոսքը դարձյալ, անկախ նպատակադրումից, ՀՀ դատական համակարգի նկատմամբ ճնշման, հակասահմանադրական և հակաօրինական կոչի ու գործողությունների  մասին է:

Վարկած երրորդ. կա նաև վարկած, որ վարչապետը իր արագորեն կորսվող հասարակական վստահության ու դիրքերի սասանման պայմաններում ՀՀ դատական համակարգի վրա ճնշում գործադրելուց բացի, մայիսի 19-ի իր հակասահմանադրական կոչով, կառավարությունում մայիսի 20-ի ելույթով և ոստիկանության կողմից (ո՞ւմ պարզ չէ, որ հենց իր հրահանգով կամ ցուցումով) Արցախի հերոս, գեներալ, ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի նկատմամբ կատարված հայտնի գործողությամբ փորձում է երկրում միմյանց նկատմամբ կործանարար ատելություն ու ներքին բախումներ հրահրել: Առնվազն ցանել ներքին բախումների սերմերը (դա հենց այն շատ քիչ բաներից մեկն է, որն ամենակնառու կերպով ստացվում է հասարակությանը սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների բաժանած «թավշյա հեղափոխականների» մոտ), ինչպես նաև նպաստել քայլականներից կամ «թավշյա հեղափոխականներից» ոմանց ջանքերով հայաստանցիների և արցախցիների միջև լարվածություն առաջացնելու փորձերին:

Վերոնշյալի մասին է թերևս հուշում նաև Փաշինյանի մայիսի 20-ի ելույթում դատական համակարգից բացի, դրա հետ բացարձակապես անկապ արցախցիների հետ կապված հարցի արծարծումը, 2016-ի ապրիլյան իրադարձությունները քննելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու հաթաթան, ինչպես նաև հնարավոր ներքին բախումների, անկայունության հետևանքով հօգուտ Ադրբեջանի տարածքային կորուստների դեպքում մեղքը կանխավ իրենից վանելու և ուրիշների վրա բարդելու անշնորհք փորձը: Բնականաբար, հարց է առաջանում՝ եթե վարչապետը 2016-ի ապրիլյան իրադարձությունների հետ կապված ինչ-ինչ կասկածներ ունի և ազնիվ է, ապա հիշյալ հանձնաժողովի ստեղծման մասին ինչո՞ւ ավելի վաղ չէր խոսում, այլ սկսեց խոսել միայն Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հայտնի միջնորդությունից հետո:

Պատահական չէ, որ հենց Փաշինյանի վերոնշյալ ելույթից հետո հրավիրված մամուլի ասուլիսում քաղաքագետ, «Մոդուս վիվենդի» հետազոտական կենտրոնի հիմնադիր-տնօրեն Արա Պապյանն ասաց՝ «Նույն Վիտալի Բալասանյանը, էլի եմ ասում, թող ձեռը տանի գրպանը, մի հատ փող հանի, նայի տեսնի ում փողն ա, աշխատավարձ ստանալուց հարց տա՝ իսկ ով ա՞ վճարում իրան այդ  աշխատավարձը, մենք ենք վճարում, Հայաստանի հարկատուներն ենք վճարում…»:

Պնդելով, որ Արցախը Հայաստանի մարզ է ու դա հիմնավորելու համար որոշ մտքեր արտահայտելով, Պապյանը, իմ և այլոց տպավորությամբ, հակադրություն է առաջացնում այդ մտքերը կիսող հայաստանցիների և Արցախը Հայաստանի մարզ չհամարող արցախցիների միջև:

Ավելին. «թավշյա հեղափոխականներից» ու Փաշինյանի աջակիցներից մեկ ուրիշի՝ Գեղամ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը («Մեռնեմ սռտիտ դուխով. ԲԱԿՈԻՆ ՎԻՏՈԻՆ ՌՈԲԻԿԻՆ ՍԵՌԺԻԿԻՆ ՍԱՄԱՍՈՒԴ ԿԱՆԵՆՔ ԻՐԱ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԵՏ»)՝ զետեղված Փաշինյանի ելույթի տեսագրության տակ ու, հետևաբար, ուղղված նրան, ոչ միայն ներքին թշնամանք, բախումներ, արցախցիների ու հայաստանցիների միջև լարվածություն առաջացնող է, այլև հանցագործություն կամ հանցագործության մասին հրապարակային հայտարարություն:

Եթե ՀՀ գլխավոր դատախազությունը և ՀՔԾ-ն քաղաքականացված չեն, պետությանը, նրա իրավակարգին, սահմանադրական կարգին ծառայելու փոխարեն, գործող վարչակարգի կցորդն ու ծառան չեն, ապա ՀՀ վարչապետի հակասահմանադրական հայտարարությունից հետո քրեական գործ հարուցված կլիներ առնվազն ՀՀ սահմանադրական կարգի տապալման փորձի կամ դրա դրդման, կազմակերպման հանցափորձի համար:

Եթե ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը, ԱԱԾ-ն քաղաքականացված մարմիններ չեն, պետությանը, նրա իրավակարգին, սահմանադրական կարգին, ազգային անվտանգությանը ծառայելու փոխարեն, Հայաստանի ներկայիս վարչակարգի կցորդն ու շահերի սպասարկողը չեն, ապա Գեղամ Այվազյանի ֆեյսբուքյան վերոնշյալ գրառումը նրա համար քրեաիրավական տեսակետից անհետևանք չեն թողնի:

 

Արթուր Հովհաննիսյան