Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում ուսանողները պատանդառել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին

Այսօր առավոտից թեժ մթնոլորտ է Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում։ Պատճառը ռեկտորի ընտրություններն են: Բանն այն է, որ որպես ռեկտորի թեկնածու է առաջարվել ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը: Նրան մրցակիցներ չեն եղել, և 14 կողմ, 9-ը դեմ ձայներով նա ընտրվել է թատրեական ինստիտուտի ռեկտոր։ Քվեարկությանը մասնակցել են կառավարության ներկայացուցիչները, բուհի կառավարման խորհրդի անդամները և ուսխորհդրի ներկայացուցիչները։

Թատերական ինստիտուտի ուսանողները ընդդիմացել են ընտրության արդյունքներին՝ ասելով, որ միակ թենածուի առկայության պայմաններում հնարավոր չէր արդար ընտրություն իրականացնել։ Նրանց պնդմամբ նաև ռեկտորի համար ներկայացվող չափորոշիչները վերջին պահին են հայտարարվել, և ընտրությունների մասնակցությանը հավակնող շատ թեկնածուներ պարզապես հայտնվել են խաղից դուրս վիճակում, քանի որ չեն համապատասխանել այդ չափորոշիչներին։

Այժմ ուսանողներն այլընտրանք են պահանջում՝ ընդգծելով, որ պետք է ռեկտորի ևս մեկ թեկնածու լինի ու արդյունքում հաղթի արժանին: Նրանք ներսից փակել են ինստիտուտի դուռն ու որևէ մեկին թույլ չեն տալիս ոչ դուրս գալ շենքից, ոչ էլ՝ ներս մտնել: Բոլորը միաձայն վանկարկում են «նախարար»՝ պահանջելով, որպեսզի Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անպայման այցելի ինստիտուտ և լսի ուսանողների պահանջները: Ներսում են մնացել նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լուսինե Բադալյանը և Նարինե Թուխիկյանը, որոնց բողոքի ակցիա իրականացնող ուսանողները չեն թողնում լքել տարածքը: Նրանք անդրդվելի էին անգամ այն բանից հետո, երբ Լուսինե Բադալյանը հայտնեց, որ նիստից ուշանում է և իրավունք ունի շենքից դուրս գալու:
«Երբ դասախոսների հետ միասին ուսանողության կարծիքը, մտահոգությունը հաշվի չի առնվում, մենք էլ հաշվի չենք առնելու ոչ մեկի մտահոգությունը և գործունեությունը»,- նրան արձագանքեց ուսանողներից մեկը:

Նշենք, որ ինստիտուտի ռեկտորի պաշտոնը ստանձնած Լիլիթ Արզումանյանը երեկ ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե ինքնաբացարկ կհայտարարի և չի մասնակցի ռեկտորի ընտրություններին, սակայն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ նման քայլի չի դիմի և կմասնակցի մրցույթին։

«Երեկ ես հասկացա, որ ուսանողների բողոքը կազմակերպված է նախկին փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի կողմից, որն ուզում է բուհի ռեկտոր դառնալ»,–լրագրողների հետ զրույցում հայտարարել էր նա։

Իսկ Արամ Սուքիասյանն էլ երեկ հայտնել էր, որ չի հասցրել դիմել մրցույթին, քանի որ դոցենտի կոչում չուներ և օրերս է այն ստացել։

Ուսանողների հետ Արզումանյանի հանդիպումը երեկ անցավ բավական բուռն։ Խնդիրն այն է, որ թատերականի ուսանողները դժգոհում են, որ Արզումանյանը ոլորտի մասնագետ չէ, բայց նաև այլընտրանք չունեն, իսկ իրենք այլ թեկնածուների ծրագրեր են ուզում լսել։ Այս մասին բուհի ուսխորհուրդը նաև հայտարարություն էր տարածել։

Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել բուհի ռեկտորի՝ ստեղծագործական և հեռանկարային զարգացման գծով տեղակալ Արմեն Հարությունյանը և թատերագետ Վասիլի Գևորգյանը: Նրանք, սակայն, չունեն ռեկտոր ընտրվելու համար պահանջվող կոչումը (ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ)։