Տարակուսանքի մեջ մնացինք ազգային-հոգևոր արժեքների վերաբերյալ քաղաքական ուժերի քննարկումների առթիվ․ Ասողիկ քահանա Կարապետյան

Ասողիկ քահանա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով այսօրվա ավագանու նիստում Գրիգոր Լուսավորչի փողոցի վերանվանմանը՝ գրել է, որ ողջունում է այդ փաստը, բայց մյուս կողմից էլ տարակուսում, թե ինչու նույն սկզբունքով չանվանափոխվեց, օրինակ, Մաշտոցի պողոտան։

«Ողջունում ենք Երևանի քաղաքապետարանի կայացրած որոշումը՝ Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ, բայց և տարակուսում, թե ինչպե՞ս է որոշվել Լուսավորչի առաջնահերթությունը Մաշտոցի համեմատ…
Տարակուսանքի մեջ մնացինք նաև ազգային-հոգևոր արժեքների վերաբերյալ քաղաքական ուժերի քննարկումներում հնչող լեզվաբանության առթիվ:
Սիրենք մեր Հայրենին և միշտ հավատարիմ մնանք մեր նախնյաց սրբազան ժառանգությանը»:

Նշենք, որ այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ձայների 30 կողմ, 7 դեմ և 12 ձեռնպահ համամասնությամբ ընդունվեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի կողմից ներկայացված նախագծերից մեկը, որով առաջարկվում էր Գրիգոր Լուսավորչի փողոցն անվանափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորչի։ Ավագանին, սակայն, մերժեց մյուս նախագծերը, որոնցով առաջարկվում էր նույն սկզբունքով անվանափոխել նաև Մովսես Խորենացու փողոցն ու Մաշտոցի պողոտան։