Գրիգոր Լուսավորչի փողոցն այսուհետ կկոչվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի (տեսանյութ)

Երևանի Կենտրոն վարչական շրջանի Գրիգոր Լուսավորչի փողոցն այսուհետ կանվանվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի: Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ձայների 30 կողմ, 7 դեմ և 12 ձեռնպահ համամասնությամբ ընդունվեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի կողմից ներկայացված նախագծերից մեկը, որով առաջարկվում էր Գրիգոր Լուսավորչի փողոցն անվանափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորչի։ Ավագանին, սակայն, մերժեց մյուս նախագծերը, որոնցով առաջարկվում էր նույն սկզբունքով անվանափոխել նաև Մովսես Խորենացու փողոցն ու Մաշտոցի պողոտան։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքայն իր էջում անդրադառնալով նախագծերին՝ մտահոգություն է հայտնել, որ դա վկայում է քաղաքային իշխանություններում անհավատների և քրիստոնեական արժեքները մերժողների ներկայության մասին։

Նա մասնավորապես գրել է․ «Ես իհարկե գիտեի, որ այսօրվա քաղաքականության մեջ կան մարդիկ, ովքեր աթեիստ են և վերաբերվում էի այդ երևույթին հանգիստ, քանզի ես ինքս լինելով Աստծուն հավատացող մարդ, գիտեմ մի պարզ բան, որ ամեն մարդ յուրովի ճանապարհով է գալիս դեպի՝ Հավատք, սակայն երբ Հայկական Հոգևոր Աշխարհը դառնում է անընդունելի ոմանց `չափից ավելի «պռադվինուտիների» համար, ապա այդ դեպքում ես լռել պարզապես չեմ կարող։
Օրինակ, ես չեմ հասկանում ի՞նչ նպատակ ուներ ըմբոստանալ «Սուրբ» բառի վրա։
Խոսքը մի գաղափարի մասին է, ըստ որի կար առաջարկ՝ ավելացնել Երևանյան պողոտաների և փողոցների անվանումների առջև «Սուրբ» բառը։
Խոսքը բնականաբար այն անվանումների մասին է, որոնք կրում են Հայոց Սրբերի աննուները, օրինակ՝ Մեսրոպ Մաշտոց կամ Գրիգոր Լուսավորիչ։
Բայց, ցավոք, պետք է նշեմ, որ ոմանց նուրբ հոգեկան աշխարհը խիստ խառնվում է իրար, երբ լսում են Եկեղեցի, Սրբություն, Հայություն բառերը։
Իրականում սա լուրջ խնդիր է և հուսամ, որ ավագանու ներկայացուցիչները կունենան այդքան ողջամտություն, որպեսզի չընդդիմանան տրամաբանական եզրույթներին։
Հ․ Գ․ Եվ վերջում մի խորհուրդ բոլոր նրանց, ովքեր ծաղրում են Եկեղեցին և հայկական ավանդույթները։ Մի արեք տենց բան, քանզի հոզված եմ, որ ճակատագիրը վաղ թե ուշ պատասխան ծաղրելով ձեզ շատ խիստ կպատժի»։