Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադևոսյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ուղերձում նշված է.

«Հարգարժա՛ն Արկադի Հովհաննեսի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։

Արցախում, մայր Հայաստանում և սփյուռքում չկա մեկը, ով ծանոթ չլինի ձեր անցած փառավոր ուղուն, ձեր բարձր մարդկային որակներին ու սկզբունքայնությանը:

Անգնահատելի է Ձեր ավանդն Արցախյան ազատամարտում և մեր փառավոր հաղթանակների կերտման գործում: Այսօր էլ Դուք շարունակում եք ծառայել հայրենիքին, ակտիվ դերակատարություն ունենալ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:

Հարգելի՛ պարոն գեներալ, թանկագի՛ն Կոմանդոս, մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ նշանակալի տարեդարձի կապակցությամբ և մաղթում քաջառողջություն, երջանկություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք Ձեզ, Ձեր ընտանիքին ու հարազատներին»: