Լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանն այսօր 80 տարեկան է

«Ես առանձնապես ոչինչ չեմ արել: Պարզապես խորհրդային իշխանությունն ինձ սովորեցրել էր ռազմարվեստ՝ մարտական ու տեխնիկական բաղադրիչներով, իսկ ես այն 1991-1992 թթ. փոխանցել եմ գործընկերներիս»,- այսպես է գնահատել Արցախյան պատերազմում իր ավանդը Արկադի Տեր-Թադևոսյանը՝ հաղթանակը կռող  հերոսներից մեկը:

Արցախյան ազատամարտում իր անձնական քաջության և հրամանատարական օժտվածության համար նա ստացել է «Կոմանդոս» պատվանունը: Իսկ ահա Աֆղանստանում ծառայելու տարիներին լեռնային պայմաններում անվրեպ կողմնորոշվելու, հնարամիտ և վարպետորեն կռվելու համար նրան անվանել էին «Լեռնային աղվես» («Горный лис»)։

Արկադի-Տեր Թադևոսյանը ծնվել է 1939 թ. մայիսի 22-ին, Վրաստանի Խորհրդային Հանրապետության Թբիլիսի քաղաքում: 1962թ. ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը: 1972թ. ավարտել է Լենինգրադի ռազմական ակադեմիան:

Եղել է ռազմական գործիչ, Ղարաբաղյան պատերազմի հրամանատարներից: 1962-1990թթ.` ծառայել է Լենինականում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Աֆղանստանում, Բելառուսում, Երևանում տեղակայված ԽՍՀՄ զորախմբերում:

1988-ից ակտիվ մասնակցություն է ունեցել աշխարհազորայինների ուսուցման և պատրաստման գործընթացում: 1990թ. մայիսին զինվորագրվել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատին: 1991թ. մայիսի 6-ին նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ստեղծված Պաշտպանության կոմիտեի արտազորային պատրաստության բաժնի պետ: 1991թ. հուլիսի 13-ին ԼՂ ինքնապաշտպանական ուժերի գործունեությունը համակարգելու և կամավորականներին ռազմական գործ ուսուցանելու նպատակով գործուղվել է Ստեփանակերտ:

1992թ. փետրվարի 24-ին ԼՂՀ Գերագույն Խորհուրդի որոշմամբ նշանակվել է ԼՂՀ նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերի հրամանատար: 1992–2001թթ.՝ ծառայել է ՀՀ Պաշտպանության նախարարությունում: 2001-ից եղել է ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական ընկերության նախագահ:

2009թ. մայիսի 8-ին ԼՂՀ նախագահի թիվ 40 հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Արկադի Տեր-Թադևոսյանին շնորհվել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչում և պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով: Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով:

1992թ. մայիսի 25-ին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: 1991-1992թթ. Տեր-Թադևոսյանը ղեկավարել է Տողի, Սարինշենի ազատագրական, Մարտակերտի, Հադրութի և այլ շրջանների ինքնապաշտպանական մարտերը:

1991–1992 թթ. նրա ղեկավարությամբ կազմվել է Շուշիի ազատագրման պլանը և 1992-ի մայիսի 8–9-ին իրագործվել մարտավարական տեխնիկայի բարձր մակարդակով: