ԵԽԽՎ դիտորդները իրենց մտահոգությունն են հայտնել Նիկոլ Փաշինյանի կողմից դատարանները արգելափակելու գործողության առնչությամբ

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիտորինգի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա ՍՈՑ) և Անդրեյ Շիրցելը (Սլովենիա ԵԺԿ/ԵԽ) մայիսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու ակցիայից հետո հանդես են եկել հայտարարությամբ, որով հորդորում են քաղաքական շահագրգիռ կողմերին զերծ մնալ դատական համակարգի վրա իբրև ճնշման գործադրում ընկալվող գործողություններից ու հայտարարություններից։

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է․  «Քաղաքական շահագրգիռ կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական համակարգի վրա ճնշման գործադրում․․․ Առանց կասկածի տակ առնելու այդ որոշումը, ցանկանում ենք ընդգծել, որ դատական համակարգի անկախությունը օրենքի գերակայության նախապայման է, և օրենքի գերակայությունը լավագույնս ծառայում է իր նպատակներին քաղաքական գործիչների միջամտության բացակայության դեպքում։ Գոյություն ունեն հստակ իրավական ընթացակարգեր, ինչպիսին դատարանի վիճահարույց որոշումը ավելի բարձր ատյանում բողոքարկելն է։ Օրենքի գերակայությանը հարգելը պահանջում է հարգել բոլոր քաղաքացիների պաշտպանությանը միտված  ընթացակարգերը, անկախ այն բանից թե ովքեր են նրանք:

Այնուամենայնիվ, մենք գիտակցում ենք, որ հասարակության արձագանքը այս դատական որոշման դեմ ընդգծում է դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության դեռևս ցածր մակարդակը։ Դատական բարեփոխումները շարունակում են առաջնահերթ մնալ, և մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգում հեռանկարային բարեփոխումներ իրականացնելու ցանկությունը, մասնավորապես` կոռուպցիայի դեմ պայքարի առումով, ինչպես նաև Եվրոպայի խորհրդին դրան մասնակից դարձնելու  պատրաստակամությունը»։