Երբ երկրի ղեկավարն ինքն է սպառնում պետության ազգային անվտանգությանը և իր նկատմամբ «բեսպրեդելը» դարձնում թույլատրելի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես արդեն հայտնի է, ֆեյսբուքյան իր էջում մայիսի 19-ին կատարել է հետևյալ գրառումը.

«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի»:

Հանրությանն ուղղված վարչապետի վերոնշյալ հայտարարությունը, ինչպես նաև դատավորների, դատարանների, ՀՀ դատական համակարգի վրա կոպիտ ճնշում գործադրելու նպատակ ունեցող ու կոչ արվող գործողություններին իր անձնական մասնակցության, դերակատարման հայտարարումը («արգելափակում ենք») ուղղակի անհարիր են պետության ղեկավարին: Ավելին՝ դրանք հակասահմանադրական են մի քանի առումներով, նաև՝ սահմանադրական կարգի խախտման կամ առնվազն դրա փորձի կոչ են ու դրա կազմակերպման կամ դրդման, դրան մասնակցության վկայություն: Թերևս արդեն ավելորդ է ասել, որ նա (և ոչ միայն…) իր այդ կոչի համար, ուշ թե շուտ, պատասխան է տալու:

Պատասխան են տալու նաև իրենց պարտականությունները չկատարած և լռած, հանցավոր անգործություն դրսևորած ՀՀ գլխավոր դատախազը, Հատուկ քննչական ծառայության պետը, ՀՀ ոստիկանության պատասխանատուները, թերևս նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը չկատարեց իր սահմանադրական պարտականությունները, գոնե հանդես չեկավ վարչապետի հայտարարությունը դատապարտող կոչով, մինչդեռ, ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի համաձայն, «1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:

  1. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը»:

Ի դեպ, կապի ժամանակակից միջոցների առկայության պայմաններում մայիսի 19-ին արտերկրում գտնվելն ՀՀ նախագահի համար արդարացում չի կարող համարվել:

Փաշինյանն իր հիշյալ կոչով կամ հայտարարությամբ ոտնահարեց ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածով սահմանված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը, ըստ որի, «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա»:

ՀՀ վարչապետը կոպտորեն խախտեց նաև ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի պահանջը, ըստ որի, «Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք» (տվյալ պարագայում խախտվել է բազմաթիվ մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը):

Վարչապետն իր նույն հայտարարությամբ ոտնահարեց նաև ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի («Օրինականության սկզբունքը») 1-ին մասը, ըստ որի, «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: ՀՀ Սահմանադրությունը կամ որևէ օրենք վարչապետին չի լիազորում դատարանների մուտքերի արգելափակում կազմակերպել կամ դրդել:

Փաշինյանն իր այդ հայտարարությամբ կոպտորեն խախտեց նաև ՀՀ Սահմանադրության 162-րդ հոդվածը («Արդարադատության իրականացումը»).

«1. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

  1. Արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է»:

Փաշինյանն իր հայտնի կոչով խախտեց նաև Դատավորի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասը.

«Արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան»:

Լինելով ՀՀ վարչապետը, Փաշինյանը կոչ արեց արգելափակել հանրապետության բոլոր դատարանները, ավելի ճիշտ, հայտարարեց իրենց կողմից այդպիսի գործողության գնալու մասին, ինչն այսօր իրականություն դարձավ: Դրանով նա, ըստ էության, կոչ արեց ոտնահարել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների թվում (ՀՀ Սահմանադրության 2-րդ գլուխ) ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածով երաշխավորված անձանց ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը, ըստ որի, ՀՀ տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու իրավունք: Փաստորեն, Փաշինյանի հայտարարության արդյունքում նրա կոչին հետևած անձանց (վարչապետի յուրայինների կամ Նիկոլի վկաների, որոնք ոչ մի պարագայում չեն ներկայացնում հայ ժողովրդին) անօրինական գործողությունների հետևանքով բազմաթիվ մարդիկ չկարողացան մուտք գործել ՀՀ դատարաններ, այնտեղ գտնվողները չկարողացան դուրս գալ, այդպիսով էապես տուժեցին բազմաթիվ մարդիկ, որոնք պետք է մասնակցեին դատավարությունների, դատարաններում այլ կարևոր գործեր ունեին, նույնիսկ դատավորի հանդեպ բռնություն կիրառվեց:

ՀՀ վարչապետը շատ է սիրում շահարկել «ժողովուրդ» բառը, խոսել ժողովրդի անունից: Բայց մի՞ թե Երևանում դատարանների մուտքերը շրջափակած մի քանի հարյուր կամ հանրապետությունում, թեկուզ, մի քանի հազար հոգին ժողովուրդ են… Այո, Հայաստանում իշխանությունը, ըստ ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի, պատկանում է ժողովրդին, սակայն նույն հոդվածի համաձայն, նույնիսկ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ոչ թե փողոց դուրս գալով, իր կամքն անօրինական, հակասահմանադրական գործողություններով պետական այս կամ այն մարմնին կամ պաշտոնյային պարտադրելով, այլ «ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:

ՀՀ վարչապետը նույնպես վերոնշյալ պաշտոնատար անձանցից մեկն է, սակայն նույնիսկ վարչապետի սահմանադրական կարգավիճակը նրան ՀՀ Սահմանադրության թեկուզ մեկ հոդված ոտնահարելու իրավունք չի տալիս, առավել ևս թույլ չի տալիս խախտել ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածով սահմանված պետական իշխանության իրականացման սահմանադրական կարգը («Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա»), ինչպես նաև Սահմանադրության 3-րդ հոդվածը և 6-րդ հոդվածի 1-ին մասը, նշված խախտումներից թեկուզ որևէ մեկը կազմակերպել կամ մարդկանց դրդել այդպիսի խախտման:

Ավելորդ չեմ համարում հիշեցնել ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 300.1-ը («Սահմանադրական կարգը տապալելը»).

«1. Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»:

Քրեական պատասխանատվություն է նախատեսված նաև ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հանցափորձի համար:

Ամփոփեմ. ՀՀ դատական համակարգում կոռուպցիան հաղթահարելու, հանրության վստահությունը վայելող դատական համակարգ ունենալու (ինչին, անշուշտ, որևէ ազնիվ մարդ դեմ չէ, հակառակը՝ երկու ձեռքով կողմ է) օրինական և սահմանադրական ճանապարհներ կան, սակայն Նիկոլ Փաշինյանն իր երեկվա հայտարարությամբ գնաց կոպիտ հակաօրինական ու հակասահմանադրական քայլի, դատական համակարգի ահաբեկման, շանտաժի: Նա, գիտակցելով կամ չգիտակցելով, ցանեց երկրում ներքին բախումներ առաջացնելու, քաղաքացիական պատերազմ հրահրելու խիստ վտանգավոր սերմեր՝ անտեսելով կամ միգուցե հենց հաշվարկելով, որ Ադրբեջանն այդ ընթացում իր գործը կանի, ավելին՝ այսօր ժամը 12-ին սկսած իր ելույթում փորձեց վերոնշյալ հետևանքների պատասխանատվությունը կանխավ բարդել այլ անձանց վրա: Փաշինյանը «բեսպրեդելի» ու դրանում իր մասնակցության վերաբերյալ երեկվա հայտարարությամբ և «բեսպրեդելի» իր կոչին հետևած անձանց գործողություններով հենց ինքն իրեն դրեց օրենքից դուրս և իր հանդեպ «բեսպրեդելը» դարձրեց միանգամայն թույլատրելի: Իսկ ինչո՞ւ Փաշինյանն այդպես վարվեց… Այս հարցին կփորձենք պատասխանել մեր առաջիկա հրապարակմամբ:

 

Արթուր Հովհաննիսյան