Իրանը վերջնագիր է ներկայացրել Արևմուտքին՝ տալով 60 օր ժամանակ

Ինչպես հայտնի է, վերջերս Իրանը վերջնագիր է ներկայացրել ամբողջ Արևմուտքին. Իրանը սպառնում է գործի դնել ուրանը, եթե 60 օրվա ընթացքում չազատվի պատժամիջոցներից: Թեհրանը երկերեսանի Արևմուտքից պահանջեց մոտ երկու ամսում հստակ կողմնորոշվել՝ միջուկային գործարքը գոյություն ունի՞, թե արդեն չկա: Եթե այո, ապա պարտականությունները պարտավոր են խստորեն կատարել գործարքի բոլոր կողմերը: Եթե ոչ, ապա ինչո՞ւ այդ դեպքում Իրանը պետք է դրանք կատարի: Եվ հաշվարկն արդեն սկսվել է, այդ 60 օրը շուտ կավարտվի: Վաղ, թե ուշ Արևմուտքի այդ կեղծավորության և խաբեբայության փակ շղթան պետք է պատռվեր: Իրանը պաշտոնապես ծանուցել է Եվրախորհրդին և հինգ երկրների կառավարություններին (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան)՝ իր միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների նախագծի (ՀՀԳԾ) մի շարք պայմանների կատարման մորատորիում հայտարարելու մասին: Իր որոշման մասին Թեհրանը մանրամասնորեն տեղեկացրել է Ֆեդերիկ Մոգերինիին, ծանուցումներ են ուղարկվել նաև «հնգյակ» երկրների դեսպաններին: Առայժմ Թեհրանը չի պահպանելու ուրանի և ծանր ջրի պաշարների սահմանափակումերը: Իսկ հետո…

Իրանը բավական տրամաբանական հարց է ուղղել՝ եթե նա ճշգրտորեն հետևել է համաձայնության պայմաններին, իսկ այդ մասին փաստում են ԱԷՄԳ զեկույցները, ապա ինչո՞ւ գործարքի երաշխավորներն ամերիկյան միակողմանի պատժամիջոցների կասեցման վճռական միջոցներ չձեռնարկեցին: Եթե նրանք ի զօրու չեն, ապա ինչո՞ւ չեն փոխհատուցում վնասը: Գումար չունե՞ն, թե խնդիրն իրենցը չեն համարում:

Այժմ ԱՄՆ-ի կամակատար շատ երկրներ Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջնորդներ դառնալու պատրաստակամություն են հայտնում: Այդպիսի երկրներից մեկը նաև Ճապոնիան է: Մայիսի 15-ին Ճապոնիայի մայրաքաղաք հասնելուց հետո Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտնեց, որ Ասիա իր այցելության նպատակն է ասիական գործընկերների հետ խորհրդատվություններ անցկացնելը, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի գործողությունները լարվածություն են ստեղծել աշխարհում: Ինչպես հայտնում է Mehr News գործակալությունը, Զարիֆի այցը Ճապոնիա տեղի է ունեցել իր՝ Թուրքմենստան և Հնդկաստան այցերից ու թուրքմեն և հնդիկ գործընկերների հետ բանակցելուց հետո: Նա ընդգծեց. «Ես եկել եմ Ճապոնիա Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոյի հրավերով, ով հետաքրքրված է այդ հարցի քննարկմամբ»: Մայիսի 16 կայացան Զարիֆի բանակցությունները նաև Ճապոնիայի վարչապետ Սինդձո Աբեյի հետ: Ուշադրություն դարձնենք Տոկիոյում Զարիֆի խոսքերին․ «ԱՄՆ գործողություններից և դրանց հաջորդող լարվածությունից հետո անհրաժեշտ է խորհրդակցել Իրանի Իսլամական Հանրապետության համար կարևոր և գործընկեր երկրների հետ», այլ ոչ թե միայն Թեհրանին իր միջնորդական ջանքերը առաջարկող Ճապոնիայի հետ …

Չինաստանն ու Ռուսաստանը արդեն արդարացրել են Իրանի՝ Արևմուտքին հայտարարված վերջնագիրը: Մայիսի 13-ին Սոչիում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝  չինացի գործընկեր Վան Իի  հետ բանակցություններից հետո բոլոր միջազգային ԶԼՄ-ները տարածել են ռուսական ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը, որում նշված է. «ՀՀԳԾ պարունակում է շատ հստակ դրույթներ, որոնցից հետևում է, որ առաջին հերթին՝ Իրանի այդ պարտականությունները ինքնակամ են, և երկրորդ, որ Իրանը իրավունք ունի կասեցնել դրանց կատարումը, եթե պայմանավորվածության մյուս մասնակիցները չկատարեն իրենց պարտականությունները»: Լավրովը Եվրոպային բացահայտ մեղադրել է ԱՄՆ  ոչ կառուցողական քայլերին դիմակայելու անկարողության մեջ: Մայիսի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս ռուս-ավստրիական բանակցությունների արդյունքներին նվիրված ասուլիսում արդարացրեց Իրանի գործողությունները և զգուշացրեց. «Այժմ կասեմ ոչ դիվանագիտական բան, որը, հնարավոր է, վիրավորի մեր եվրոպական ընկերների ականջը. ամերիկացիները դուրս եկան, պայմանագիրը կործանվում է, եվրոպական երկրները ոչինչ չեն կարող անել այն փրկելու համար, իսկապես աշխատել Իրանի հետ՝ տնտեսական ասպարեզում կորուստները փոխհատուցելու նպատակով: Բայց հենց որ Իրանն առաջին պատասխան քայլերն անի, հայտարարի, թե ինչ-որ տեղից դուրս է գալիս, մյուս օրը բոլորը կմոռանան, որ կործանման նախաձեռնողը եղել է Միացյալ Նահանգները, մեղքը կդրվի Իրանի վրա»: Կա այսպիսի հայտնի բանաձև՝ զգուշացված՝ նշանակում է զինված: Համադրելով Լավրովի և Պուտինի հայտարարությունները, մենք իրավունք ունենք ակնկալելու, որ ոչ՛ ամերիկացիները, ոչ՛ եվրոպացիները չեն կարողանալու ՀՀԳԾ չիրականացման մեղքը գցել Իրանի վրա: Ռուսաստանը, ինչպես նաև Չինաստանը կպաշտպանեն Իրանի հեղինակությունն ու շահերը:

Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է խաբել ամերիկյան հասարակությանը և խամաճիկ երկրներին, թե իրեն «շատ շուտով կզանգահարեն Թեհրանից»: Չեն զանգահարելու, Իրանից հայտնել են, որ Պարսից ծոց Թրամփի ուղարկած «USS Abraham Lincoln» ամերիկյան ավիակիրը՝ վախենալով հայտնվել թակարդի մեջ, չի մտել Հորմուզի նեղուցի ջրերը և մնացել է Արաբական ծովում։

Իսկ մինչև այդ ԱՄՆ-ում հասունանում է Թրամփի իսրայելանպաստ կուրսի դիմադրությունը: Ամերիկյան սենատոր Բերնի Սանդերսը մեղադրեց ազգային անվտանգության խորհրդատու Ջոն Բելթոնին այն բանից հետո, երբ «New York Times» թերթը հաղորդեց, որ վերջինս հրամայել է մշակել Իրանի վրա հարձակվելու նախագիծ: «Գրեթե անհնար է պատկերացնել, որ Իրաքի պատերազմի մղձավանջից հետո, երբ մեզ խաբում էր Բուշի վարչակազմը, նրա քաղաքականության  առաջատար ճարտարապետներից մեկը նույն Ջոն Բոլթոնն է», — ասել է Սանդերսը մայիսի 14-ին MSNBC հեռուստաալիքին:

«Դուք հիշում եք, թե ինչպես ենք մենք հայտնվել Վիետնամական պատերազմում, Տոնկինի ծոցի բանաձևի պատճառով, և հիմա պարզվում է, որ Տոնկինի ծոցում այսպես կոչված հարձակում փաստորեն տեղի չի ունեցել: Դա հիմնված էր ստի շարանի վրա,- ասել է  Սանդերսը: — Ես անհանգստանում եմ ԱՄՆ կողմից Իրանի դեմ ուղղված սադրանքների համար»: Սանդերսը գրել է նաև Թվիթերում. «Եթե մենք Իրանի հետ պատերազմի գնանք, կապակայունացնենք ամբողջ տարածաշրջանը, և հազարավոր ամերիկացիներ ու իրանցիներ կզոհվեն»: Իսկ ԱՄՆ քաղաքացիները Վիետնամում պարտությունից հետո չեն սիրում զոհվել հայրենիքից հեռու…

 

Սերգեյ Շաքարյանց