ՀՀ ԱԺ-ը պատրաստ է Երևանում հյուրընկալել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և լիագումար նիստերը․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին մասնակցելու նպատակով Բիշքեկում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը։

Գոհունակությամբ արձանագրելով հանդիպման փաստը`կողմերը կարևորել են նման ձևաչափերի, ինչպես նաև երկու խորհրդարանների ղեկավարների միջև ոչ ֆորմալ շփումների անհրաժեշտության կարևորությունը`երկկողմ օրակարգային հարցերին անհրաժեշտ լուծումներ տալու համար:

ՌԴ ԴԺ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շեշտել է, որ ռազմաքաղաքական դաշինքում գտնվելը ենթադրում է վստահության հատուկ մակարդակ և ՀԱՊԿ ԽՎ խորհրդի առաջիկա նիստը հնարավորություն կընձեռի հանգամանալի անդրադառնալու օրակարգային բոլոր հարցերին:

Վյաչեսլավ Վոլոդինը վերահաստատել է նաև Արարատ Միրզոյանին ուղղված իր հրավերը՝ մասնակցելու հուլիսի 1-2-ը ՌԴ ԴԺ Պետական դումայում կազմակերպված «Պառլամենտարիզմի զարգացումը» խորագրով միջազգային համաժողովին, որի ընթացքում աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների խոսնակներ կքննարկեն պառլամենտարիզմի հետագա զարգացման հարցեր:

Ազգային ժողովի նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունն էլ ավելի զարգացնելու հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունները, ինչին միանշանակորեն կնպաստեն խորհրդարանների ղեկավարների պարբերական շփումները:

Արարատ Միրզոյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է 2019թ. աշնանը Երևանում հյուրընկալելու ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և լիագումար նիստերը:

Այնուհետ անդրադարձ է կատարվել ՌԴ-ում բնակվող հայ համայնքին, որը մեծապես նպաստում է երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը: Կողմերը փաստել են, որ երկու ժողովուրդների առջև պատասխանատվությունը պետք է դրդի խորհրդարանականներին էլ ավելի ընդլայնելու երկկողմ հարաբերությունների խորացման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը: