Բոլոր այն դատավորները, որոնք իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ, պետք է հրաժարական տան․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց մայիսի 20-ի վաղ առավոտից Հայաստանի բոլոր դատարանների մուտքերն արգելափակելու իր կոչի խորհուրդն ու նպատակը: Հրավիրած խորհրդակցության ժամանակ վարչապետը մանրամասնեց, որ այդ ակցիայի առանցքային սիմվոլն այն է, որ Հայաստանում չի կարող լինել դատական համակարգ, որը չունի ժողովրդի վստահությունը:
Վարչապետը նշեց դատաիրավական համակարգի փոփոխությունների հիմնական ուղղությունները․
«1. Հայաստանում գործող բոլոր դատավորներն առանց բացառության պետք է ենթարկվեն վեթթինգի։ Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ ժամանակահատվածում ծավալած գործունեության անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին։
2. Մարդու իրավունքների եվրոպական որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից։
3. Բոլոր այն դատավորները, որոնք իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ, պետք է հրաժարական տան, այդպիսով՝ կարևոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին։
4. Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, և մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին 7-8 ամիսներին մեր կատարած աշխատանքը։
5. Ազգային ժողովում պետք է տեղի ունենա համապատասխան օրենսդրական աշխատանք՝ մեր երկրի համար կենսական այս օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար։ Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաև այդ քայլին։ Եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նաև այդ լուծումներին։ Այս ողջ աշխատանքը, ընդ որում, պետք է տեղի ունենա ոլորտի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցության, միջազգային լավագույն փորձի և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում»։