Հորդորում ենք Նիկոլ Փաշինյանին իր ուղիղ եթերի ընթացքում, չեղարկել նախկինում արված իր կոչը. ԲՀԿ հայտարարությունը

ԲՀԿ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ բոլոր տեսակի հակասահմանադրական քայլերից: Այս մասին հայտարարություն է տարածել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը:

Հայտարարությունում նշվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ լինելով մեր երկրում օրինականության և սահմանադրական կարգի պահպանմանը, պատրաստ լինելով օրենքի շրջանակներում քննարկել դատական համակարգում առկա իրապես լուրջ խնդիրները, գտնել համատեղ իրավական լուծումներ, կոչ է անում ձեռնպահ մնալ բոլոր տեսակի հակասահմանադրական քայլերից և գործողություններից, որոնք ուղղակիորեն հարվածելու են մեր պետականությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը՝ վտանգելով տնտեսության զարգացմանը, մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանությանը և նախապես հայտարարված բարեփոխումների կենսագործմանը:

Հորդորում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այսօր ժամը 12:00-ին կայանալիք ուղիղ եթերի ընթացքում, չեղարկել նախկինում արված իր կոչը և չխոչընդոտել դատարանների բնականոն գործունեությունը, չվտանգել երկրի միջազգային հեղինակությունը, չպառակտել հասարակությունը և միասին փորձել հանդուրժողականության և փոխըմբռնման մթնոլորտում լուծել դատաիրավական համակարգում առկա իրապես խորքային խնդիրները»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ կոչ էր արել՝ այսօր առավոտյան, ժամը 8.30–ից փակել բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը։ Նա նաև հայտնել էր, որ 12։00-ին ուղիղ եթերով ելույթ կունենա՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի և այս ասպարեզում ևս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին:

 

Վարչապետի կոչը մի շարք հասարակական կազմակերպություններ որակել են որպես սահմանադրական կարգի տապալում։ Հայտարարություններով են հանդես եկել մի շարք կուսակցություններ, այդ թվում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: