Բերձորի ազատագրումը հայ ազգի միասնության խորհրդանիշն է (լուսանկարներ)

Բերձորում այսօր նշվել է քաղաքի ազատագրման 27-րդ տարեդարձը

Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում այսօր կայացել է քաղաքի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում:

Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Արցախյան գոյամարտի ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցած Փառքի հուշահամալիրում:

«Արցախպրես»ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը: Տոնի առթիվ նա շնորհավորել է բերձորցիներին և մասնավորապես ասել. «Շուշիի փառապանծ հաղթանակից հետո մեր հերոսները շարունակել են իրենց հաղթական արշավը և ազատագրել Բերձորը: Եթե Շուշին մեծ հաղթանակն էր կորուստներից ու Ցեղասպանությունից հետո, ապա Բերձորի ազատագրումը հայ ազգի միասնության խորհրդանիշն էր: Այդ միասնության շնորհիվ քաշաթաղցիները շարունակեցին մեր նահատակների սուրբ գործը. վերաբնակվեց Քաշաթաղը: Անտեսելով բոլոր դժվարությունները և հաղթահարելով մի շարք խոչընդոտներ կրկին վերածնվեց շրջանը: Փառք բոլոր այն հերոսներին, որոնց շնորհիվ այսօր ունենք զարգացող շրջան»:

Բերձորի քաղաքապետ Անահիտ Չարչյանն էլ իր խոսքում ասել է. «Այսօրվա համար մենք պարտական ենք այն հայորդիներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին մեր բարօրության համար: Նրանց անունները հավիտյան կմնան մեր և նոր սերունդների սրտերում: Ցանկանում եմ նոր ձեռքբերումներ, հաջողություններ, անամպ երկինք և անսահման հայրենասիրություն»:

Արցախի ազատամարտիկների միության վարչության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի շնորհավորական ուղերձը բերձորցիներին է ներկայացրել ԱՀ ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը՝ նշելով, որ Բերձորի ազատագրումը հայ ժողովրդի երազանքներից մեկն է, որն իրականություն դարձրեց հայոց բանակը:

«Արցախյան գոյապայքարի տարեգրության մեջ ոսկե տառերով գրվեց այդ հաղթանակը և միավորվեցին մեր հայրենիքի երկու հատվածները,- հավելել է Է. Խաչատրյանը:- Բերձորի ազատագրումը մեր ժողովրդի համար ունի առաջնային նշանակություն: Բազում հայ ընտանիքներ վերադարձան հայրենի օրրան՝ անմար պահելով մարտիրոսված քաջորդիների հիշատակը: Յուրաքանչյուր հաղթանակի հիմքում մեր նվիրյալների մաքառումն ու պայքարն է, որն այսօր արիության և սխրագործության դաս է նոր սերնդի համար»:

ԱՀ ազատամարտիկների միության կողմից Բերձորի ազատագրման 27-րդ տարեդարձի և հասարակական ակտիվ գործունեության համար մի խումբ բերձորցիներ պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և դրամական միջոցներով: Պարգևատրումն իրականացրել է ԱՀ ազատամարտիկների վարչության անդամ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Սատար հաշմանդամների» հասարակական կազմակերպության նախագահ Հունան Հունանյանն էլ ընդգծել է, որ 27 տարի առաջ կատարվածը մեծ սխրագործությունն է:

Միջոցառման ընթացքում մի խումբ բերձորցիներ «Սատար հաշմանդամների» ՀԿ-ի, ինչպես նաև Բերձորի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով և մեդալներով:

Միջոցառման ընթացքում ազգային պարերով և հայրենասիրական երգերով հանդես են եկել Բերձորի արվեստի դպրոցի և Վահան Թեքեյանի անվան N1 դպրոցի աշակերտները:

Տոնի առթիվ Բերձորում այսօր ընթանում են մի շարք միջոցառումներ, որոնք կեզրափակվեն տոնական համերգով և հրավառությամբ: