Այսօր Թանգարանների միջազգային օրն է

Թանգարանների միջազգային օրը նշվում է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM – The International Council of Museums)՝ 1977թ․ որոշմամբ։ 1978-ից յուրաքանչյուր տարվա մայիսի 18-ը աշխարհի ավելի քան 150 երկրներում նշվում է որպես Թանգարանների միջազգային օր:

Տոնի շրջանակում անց է կացվում նաև «Թանգարանների գիշեր»:

«Թանգարանների գիշեր»-ն առաջին անգամ անցկացվել է 1997թ. Բեռլինում: Բեռլինի քաղաքային իշխանություններն ամբողջ գիշեր բաց են թողել քաղաքի թանգարանների դռները: Այս նախաձեռնությունը ժողովուրդը մեծ ոգևորությամբ է ընդունել: Եվ ակցիային արագորեն արձագանքել է ևս 20 գերմանական քաղաք:

1999թ. Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով ֆրանսիական թանգարանները տարվա մեջ մեկ օր հասարակությանն անվճար են սպասարկել: Ակցիան կոչվում էր «Թանգարանային գարուն»: Այն գրավել է Եվրոպական մշակութային կոնվենցիային անդամակցող երկրների ուշադրությունը:

2001թ. նախաձեռնությունը վերանվանվել է «Թանգարանների գիշեր»-ի, որը վերջին տարիներին հովանավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Այս նախաձեռնությանն է միացել նաև Թանգարանների միջազգային խորհուրդը:

Հայաստանն նախաձեռնությանը միացել է 2005թ.:

Այդ օրը Հայաստանի թանգարաններն այցելուների համար բաց են մինչև կեսգիշեր: Այցելությունները հնարավորություն են ունենում դիտելու ոչ միայն իրենց նախընտրած թանգարանների ցուցանմուշները, այլև մասնակիցն են դառնում թանգարանների կողմից կազմակերպվող դիտարժան միջոցառումների։