Մինչև տարեվերջ գազի գինը կնվազի՞

Ռուսաստանցի լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանում հույս ունեն մինչև տարեվերջ ռուսաստանյան «Գազպրոմի» հետ պայմանավորվածություն ձեռք բերել՝ մեր երկրին վաճառվող ռուսական գազի գինը նվազեցնելու վերաբերյալ։

«Ես վստահ եմ, որ գազի գինը նվազեցնելն իրատեսական է,- ասել է վարչապետը։- Մենք, ըստ էության, պայմանավորվածություն ունենք ընդհանուր էներգետիկ շուկա ստեղծելու մասին, մեր առաջարկները համապատասխանում են այդ բանակցությունների տրամաբանությանը։ Գազի և էներգակիրների համար ոչ խտրական գին սահմանելը շատ կարևոր է ԵԱՏՄ-ի արդյունավետության համար։ Ես կցանկանայի այդ հարցը լուծել մինչև տարեվերջ»։
Հիշեցնենք` 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում հազար խմ-ի համար վճարելով 165 դոլար, նախկինում նույն ծավալի համար մեր երկիրը վճարում էր 150 դոլար։ Իսկ բնակչության համար սակագինը պահպանվեց նույնը գազամատակարար ընկերության ծախսերի կրճատման հաշվին։