Զինվորներին բաժանած գումարները չեն հանդիսացել ՀՀ ՊՆ բյուջետային կամ արտաբյուջետային միջոցներ․ ՀՔԾ-ը պարզաբանում է ներկայացրել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել՝ կապված այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի՝ զինվորներին մասնավոր միջոցներից գումար բաժանելու մասին հայտարարության հետ։ Պարզաբանման մեջ մասնավորապես նշված է․

«Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է զինվորներին մասնավոր միջոցներից գումար բաժանելու հետ կապված ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, որի ժամանակ նա որպես ապացույց ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարության փաստաթուղթը: Արամ Օրբելյանը, վկայակոչելով հիշյալ հանգամանքը, տարակուսանք է հայտնել, թե ինչպես կարող էին մասնավոր միջոցներից գումարներ բաժանվել ՀՀ ՊՆ պաշտոնական տեղեկագրով:

Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ միայն այն հանգամանքը, որ այդ գումարները հատկացվել են ՀՀ ՊՆ ձևաթղթերի վրա կատարված նշումներով, դեռևս չի նշանակում, որ դրանք պետական միջոցներ են հանդիսացել: Այն, որ հիշյալ դրամական միջոցները չեն հանդիսացել ՀՀ ՊՆ բյուջետային կամ արտաբյուջետային միջոցներ, ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հայտնվել է ՀՀ պաշտպանության նախարարի` 26.09.2018թ.-ի պաշտոնական գրությամբ:

Նշված գրության պատճենը առկա է դատարան ուղարկված գործում, ուստի այն հասանելի է նաև պաշտպանական կողմին, այդ թվում` Արամ Օրբելյանին /հատոր 36, գ.թ. 95/:

Հաշվի առնելով վերոգրյալը`մնում է միայն ենթադրել, որ պաշտպան Օրբելյանը կամ լիարժեք չի ծանոթացել քրեական գործի նյութերին, կամ էլ միտումնավոր փորձ է անում աղավաղված ներկայացնել քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները, ուստի նրան հորդորում ենք իր պաշտպանական մարտավարությունն ընտրելիս այսուհետ ձեռնպահ մնալ նման գործելաոճից և չխեղաթյուրել քրեական գործի նյութերում առկա փաստերը»: