Էմին Թորոսյանը նշանակվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն

Մայիսի 17-ին՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Պատանի հանդիսատեսի թատրոնում կազմակերպված հանդիպմանը նշեց, որ տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի արդյունքում մրցութային շեմը հաղթահարած երկու թեկնածուներից քաղաքապետի որոշմամբ թատրոնի տնօրեն է նշանակվել Էմին Թորոսյանը: Այս մասին տեղեկացրել է Պատանի հանդիսատեսի թատրոնի մամուլի ծառայությունը։

«Նշանակումը մեկ տարով է, և մենք վստահություն ունենք, որ պարոն Թորոսյանի ծրագրերը կյանքի կկոչվեն,- նշել է Տիգրան Վիրաբյանը:- Պայմանագրի երկարացումը և հետագա պաշտոնավարումը պետք է ցանկացած ղեկավար վաստակի իր կատարած աշխատանքով, մի շարք ծրագրերի մասին քննարկում ունեցել ենք, որոշներն էլ քննարկման փուլում են: Պետք է ճիշտ խաղացանկային քաղաքականություն վարենք, այնպիսի փոփոխություններ անենք, որ Պատանի հանդիսատեսի թատոնը լավագույններից մեկը լինի Երևան քաղաքում»:

Էմին Թորոսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին վստահության համար, նշելով. «Կարծում եմ, որ մեկ տարին լավագույնս դրսևորվելու ժամանակահատված է՝ առաջ գնալու և զարգանալու համար: Վստահ եմ՝ մեր աշխատակազմը կարող է լուծել խնդիրները և իրագործել նոր ծրագրեր»: