Մարզադպրոցում բացահայտվել են ապօրինություններ, յուրացվել է առանձնապես մեծ չափերի գումար (տեսանյութ)

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչության և Կումայրու բաժնի ծառայողների միջոցառումներով, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ Գյումրու «Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն ապօրինություններ է թույլ տվել: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։

Քննությանն այս պահին հայտնի տվյալներով` մարզադպրոցի նախկին տնօրենն օգտագործելով պաշտոնեական դիրքը, իր պաշտոնավարման ընթացքում՝ 2016-2018 թթ․ ՊՈԱԿ-ում տարբեր հաստիքների է հրամանագրել 7 անձանց, որոնք իրականում աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված ընդհանուր շուրջ՝ 16 860 000 դրամ աշխատավարձերի գումարները յուրացվել են:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ նախաքննության: