Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը վավերացրեցին դատարանին ներկայացրած իրենց երաշխավորագիրը (տեսանյութ)

Ժամը 17։00-ին Երևանի Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարան ներկայացան Արցախի Հանրապետության նախկին ու ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, որոնք դատարանին երաշխավորություն էին ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու մասին։ Դատավարությանը ներկա քաղաքացիները նախագահներին դիմավորեցին ծափողջույններով ։

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ անձնական երաշխավորություն էին ներկայացրել դատարան: Երաշխավորության մեջ մասնավորապես նշված է․ «Հաշվի առնելով Արցախի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վաստակը հայկական երկու հանրապետությունների կայացման հարցում, նրա հսկայական ավանդը Արցախյան պատերազմում և հայոց բանակաշինության մեջ, երաշխավորում ենք՝ Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցվելու դեպքում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք: Երաշխավորում ենք ազատության պայմաններում դատավարության ողջ ընթացքում նրա ներկայանալը դատարան և դատավարական պարտականությունների կատարումը, ուստի խնդրում ենք՝ կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով»:

Հարցի վերաբերյալ նախագահող դատավորը դատավարության մասնակիցներին տեղեկացրել էր, որ երաշխավորագիր ներկայացրած անձինք դատարանում պետք է վերահաստատեն այն։ Նախագահող դատավորը պարտադիր էր համարել երաշխավորողների ներկայությունը դատական նիստին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց պետք է բացատրել իրենց իրավունքները: Բացի այդ, անձը, որը երաշխավորում է կալանքի տակ գտնվող անձի համար,  պատասխանատվություն է կրում քրեական պատասխանատվության ենթարկելվու առումով, եթե մեղադրյալը ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորվի։

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը պատրաստակամություն էին հայտնել կատարելու դատավորի պահանջը, և ահա այսօր նրանք հնարավորությու գտան ժամանելու Երևան և ներկայանալու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստին։

Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի դատարան ներկայանալուց հետո դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարեց, որ նրանք Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու մասին դատարանին երաշխավորություն ներկայացնելուց հետո նաև որպես անձնական երաշխիք վճարել են 500 000- ական դրամ։ Դատավորն իրազեկեց, որ երաշխավորության անհրաժեշտության վերացման պարագայում այդ գումարը կվերադարձվի երաշխավորողներին, իսկ երաշխավորված անձի կողմից ապօրինի արարք թույլ տալու դեպքում կարող է առգրավվել ու փոխանցվել պետությանը։

Դավիթ Գրիգորյանը նաև զգուշացրեց, որ իրենց երաշխավորությամբ կալանքից ազատված Քոչարյանի անօրինական քայլերի դեպքում Արցախի նախագահները կարող են անգամ քրեական պատասխանատվության ենթարկվել՝ ազատազրկվելով մինչև երկու տարի ժամկետով։

«ՀՀ ՔՐ օր 316 հոդվածով դուք կարող եք ենթարկվել քրեական պատասխանատվության, եթե պատշաճ վարքագծի դրսևորման ձեր երաշխավորությունները չկատարվեն։ Եվ հիշյալ հոդվածը նախատեսում է մինչև 2 տարի ազատազրկում»,– Արկադի Ղուկասյանին ու Բակո Սահակյանին հիշեցրեց Դավիթ Գրիգորյանը։

Բոլոր նախազգուշացումներից հետո Արցախցի նախկին ու ներկա պաշտոնյաները վավերացրեցին դատարանին ներկայացրած իրենց երաշխավորագիրը։

Երաշխավորագրի վերաբերյալ որոշումը դատարանը կընդունի ավելի ուշ` խորհրդակցական սենյակում։ Իսկ որոշումը, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի դատական վաղվա նիստում։