Արհեստականորեն նվազագույն գին սահմանելով օտարվել է Հանրային ռադիոընկերության գույքը. հարուցվել է քրգործ

ՀՀ գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում գտնվող Երևան քաղաքի Տերյան 2 հասցեի շենքը և դրա զբաղեցրած օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի օտարման գործընթացը: Ինչի արդյուքնում պարզվել է, որ ՀՀ կառավարության 23.10.2016թ. հունվարի 29-ի որոշմամբ «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Տերյան 2 հասցեում գտնվող շենքը և դրա զբաղեցրած օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հետ է վերցվել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ից և գնահատված արժեքով ներդրվել է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում: Այս մասին նշված է ՀՀ Գլխավոր դատախազության կայում զետեղված հաղորդագրության մեջ։

Ընդ որում՝ ՀՀ սեփականություն հանդիսացող նշված տարածքը անհատույց սեփականության իրավունքով «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ին հանձնելը դեռևս 2015թ. օգոստոսի 27-ին ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (ՀՀՌԽ) նախագահի՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին ուղղված դիմումով պատճառաբանվել է Հանրային ռադիոընկերության գործունեության ապահովման համար  լրացուցիչ տարածքների կարիք առաջանալու անհրաժեշտությամբ:

Հետագայում, սակայն, 2016թ. մարտի 30-ի որոշմամբ ՀՀ ՀՀՌԽ-ն «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ին թույլատրել է իրականացնել նշված հասցեում գտնվող 1.167.9 քմ շենքի և 0.10014 հա հողատարածքի, 198.6քմ տարածքի և 0.0195 հա հողատարածքի դասական աճուրդային եղանակով օտարումը՝ առաջին ինը աճուրդների համար մեկնարկային գին սահմանելով 720 մլն ՀՀ դրամը: Այդ որոշման մեջ նշվել է, որ գույքը չվաճառելու դեպքում տասներորդ աճուրդից սկսած կազմակերպել նոր աճուրդներ՝ յուրաքանչյուր հաջորդ հինգերորդ աճուրդի մեկնարկային գինը նվազեցնելով նախորդ աճուրդի ընդհանուր մեկնարկային գնի 4 տոկոսի չափով՝ նվազագույն ընդհանուր գին սահմանելով 480 մլն ՀՀ դրամը:

Աճուրդային վաճառքը կազմակերպելու նպատակով 2016թ. մարտի 31-ին ընկերության, աճուրդի տուն ՍՊԸ-ի և ապրանքահումաքային բորսա ՓԲԸ-ի միջև կնքվել է պայմանագիր:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ՀՀՌԽ-ն մեկ այլ՝ 2016թ. դեկտեմբերի 5-ի որոշմամբ փոփոխել է աճուրդի նախնական պայմանները՝ թույլատրելով գույքի մեկնարկային գինը սահմանել 650 մլն ՀՀ դրամ, իսկ չվաճառելու դեպքում կազմակերպել նոր աճուրդներ՝ յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ընդհանուր մեկնարկային գին սահմանելով նախորդ աճուրդի ընդհանուր մեկնարկային գնից 35 մլն դրամով պակաս, նվազագույն ընդհանուր գին սահմանելով 300 մլն ՀՀ դրամը:

Պարզվել է, որ աճուրդի մասին հրապարակային ծանուցումները կատարվել են «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված հրապարակային ծանուցումների պարտադիր պայմանների խախտումով: Արդյունքում խաթարվել է հրապարակային սակարկությունների բուն էությունը և բացառվել է պայմանագրի կնքման գործընթացում օրենքի պայմաններին բավարարող անորոշ շրջանակի անձանց կողմից աճուրդին մասնակցությունը:

Պարզվել է նաև, որ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի խնդրանքով Գույքի արժեքը նվազեցվել է յուրաքանչյուր օր 35 մլն դրամով, ինչի արդյունքում պետական բաժնեմասով նշված անշարժ գույքը, որպես բորսային ապրանք, իրացվել է 300 մլն ՀՀ դրամով: Ընդ որում, միայն դեկտեմբեր ամսին գույքի արժեքը նվազեցվել է 350 մլն դրամի չափով:

Մինչդեռ, «Ապրանքային բորսաների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն «Բորսային ապրանք չեն կարող լինել անշարժ գույքը, մտավոր սեփականության օբյեկտները, հեղինակային իրավունքը, արվեստի ստեղծագործությունները, ինչպես նաև այն ապրանքները, որոնց շրջանառությունը արգելված է ՀՀ օրենսդրությամբ»:

Փաստորեն, «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի դրույթները, ապրանքահումաքային բորսա ՓԲԸ-ի միջոցով իրացվել է  բորսային ապրանք չհանդիսացող անշարժ գույքը: Վերջինս առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև աճուրդի կազմակերպիչների կողմից խախտվել է հրապարակային սակարկությունների անցկացման կարգը, որի հետևանքով «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ին պատճառվել է առնվազն 350 մլն դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ բերված տվյալներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի որոշմամբ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելու և հրապարակային սակարկությունների անցկացման կարգը խախտելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 196-րդ հոդվածով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: