Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները մայիսի 16-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար զոհված հայորդիների հիշատակին:

Այս մասին նշված է ՀՀ ԱԺ կայքում։

Արցախի խորհրդարանականները ծաղիկներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի, Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի և քառօրյա պատերազմում զոհվածների շիրիմներին, լռությամբ ու խոնարհումով հարգել նրանց հիշատակը:

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ իրենց պարտքն է ամեն անգամ Հայաստան այցելելուց լինել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում եւ խոնարհվել հերոսների շիրիմների առջեւ:

Արցախցի գործընկերներին ուղեկցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հակոբ Սիմիդյանը, Տիգրան Կարապետյանը եւ Արման Բոշյանը: