Խախտումներ անող վարորդները կարող են կես տարով զրկվել վարելու իրավունքից

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց օրինագծերի փաթեթ, որով ՀՀ ոստիկանությունը լայնածավալ փոփոխություններ է առաջարկում ճանապարհային երթևեկության և անվտանգության կարգավորման մի շարք օրենքներում։

Կառավարությունը հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Հովհաննես Քոչարյանի խոսքով` օրենքի նախագծով նախատեսվում է 100 խախտումներից 26–ի դեպքում նվազեցնել այսօր գործող տուգանքների չափերը, 10–ի դեպքում` մինչև 50 տոկոսով, 16-ի դեպքում ` 50 և ավելի տոկոսով և այլն։

«Մեր կանխատեսումներով, բյուջետային մուտքերը այս փոփոխությունների արդյունքում կկրճատվեն շուրջ 2,7 մլրդ դրամով, բայց այն զգալիորեն կթեթևացնի քաղաքացիների սոցիալական կամ վարչական բեռը»,– ասաց նա։

Բայց տուգանքները մեղմելուն զուգահեռ ներդրվելու են երթևեկության անվտանգությունն ապահովող այլ միջոցներ, մասնավորապես` տուգանային միավորներ։

Հովհաննես Քոչարյանն ասաց, որ վարորդական իրավունք ստացող վարորդին տրվելու է 9 միավոր։ Յուրաքանչյուր խախտում թույլ տալու դեպքում այդ միավորները նվազելու են 0,5-4 միավորով` կախված խախտման տեսակից ու ծանրությունից։

Եթե մեկ տարվա ընթացքում վարորդին տրված 9 միավորները սպառվեն, նա 6 ամիս ժամկետով կզրկվի վարորդական իրավունքից։ 6 ամիսը լրանալուց հետո վարորդական իրավունքը վերականգնվելու է և դարձյալ վարորդին տրվելու է 9 միավոր։ Երկրորդ 9 միավորը մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում վարորդը վարորդական իրավունքից զրկվելու է արդեն 1 տարի ժամկետով, և վարորդական իրավունքը վերականգնվելու է միայն քննություն հանձնելուց հետո։

Ընդ որում, վարորդական իրավունքից ժամանակավորապես զրկված վարորդներին իրավունք է տրվելու մինչև ժամկետի լրանալը տեսական քննություն հանձնել ու ավելի շուտ վերականգնել կորցրած իրավունքը։ Ոստիկանության համոզմամբ`այս կարգը կնպաստի, որ վարորդները պարբերաբար թարմացնեն ՃԵԿ իրենց գիտելիքները։

Առաջարկվող օրենքներով անսթափ վիճակում վարելու համար գործող 150 000 տուգանքի փոխարեն սահմանվելու է 29 000 դրամ տուգանք, բայց միաժամանակ անսթափ վարորդին տրված միավորներից հանվելու է 4 տուգանային միավոր։ Իսկ եթե անսթափ վիճակում գտնվող վարորդը հանրային տրանսպորտ կամ տաքսի է վարում, ապա նա հենց առաջին խախտման դեպքում կկորցնի վարորդական իրավունքը` 6 ամսով։

Երկար ու հանգամանալի քննարկումից հետո կառավարությունը հաստատեց օրինագծերի փաթեթը, որն առաջիկայում կներկայացվի ԱԺ–ի հաստատմանը։