Իշխող կուսակցությունը մտադիր է պայքարել աղքատության դեմ նվազագույն աշխատավարձը 10 հազար դրամով բարձրացնելու միջոցով

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը և Բաբկեն Թունյանն օրենքի նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում են նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 65000 դրամ: Ներկայումս նվազագույն աշխատավարձի շեմ է սահմանված 55000 դրամը։

Օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշված է՝ «Բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը, կենսամակարդակը և կյանքի որակը երկրի գլխավոր նկարագրերից են: Նշված չափանիշները մեծապես կախված են երկրում առկա աշխատավարձերի մակարդակից: Տնտեսական ցնցումներից առավել անպաշտպան է աշխատողների այն հատվածը, որը վարձատրվում է պետության կողմից սահմանված նվազագույն աշխատավարձի չափով՝ մեր պարագայում 55000 դրամ:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք գործոններով: Ներկայում առկա նվազագույն աշխատավարձի չափը չի լուծում աշխատողների սոցիալական բոլոր խնդիրները: Այն շատ դեպքերում համարժեք չէ աշխատողի կողմից ներդրված ջանքերին: Հարկ է նշել, որ ներկայի նվազագույն աշխատավարձի չափը չի համապատասխանում նաև Հայաստանում հաշվարկված սպառողական զամբյուղին և սպառողական գների ինդեքսի աճին:

Այսպիսով, ստանալով 55000 դրամ աշխատավարձ, քաղաքացին ի զորու չէ հոգալ իր ամենապարզունակ կարիքները: Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ շատ դեպքերում ընտանիքի անդամներից աշխատանք ունի միայն մեկը, առաջ է գալիս գոյատևելու խնդիրը:

Հայաստանի աշխատուժի շուկայում և սոցիալ-տնտեսական ոլորտում առհասարակ կա ևւս մի դժվար բացատրելի խնդիր. աշխատանք ունեցողների շուրջ 20 տոկոսն աղքատ է: Խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է փոփոխությունների ենթարկել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքը»։