Գյուղատնտեսական սեզոնային աշխատանք իրականացնողները չեն զրկվի աջակցության պետական ծրագրից
Կառավարության այսօրվա որշմամբ գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանիքները չեն զրկվի սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու հնարավորությունից:
Նախագիծը գործադիրին զեկուցեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 15-ի նիստի N ԱՔ/35 N 7 արձանագրության 4-րդ և ՀՀ վարչապետի փետրվարի 19-ի N 02/04.2/7794-2019 հանձնարարականի 4-րդ կետերի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Մասնավորապես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվել է՝ հաշվի առնելով գյուղատնտեսական սեզոնային աշխատանքի առաջիկա ժամանակաշրջանի սկիզբը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և շահագրգիռ այլ մարմինների հետ համատեղ մշակել գործուն մեխանիզմ սեզոնային ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում ընտանեկան կամ սոցիալական նպաստից քաղաքացիներին չզրկելու ուղղությամբ։ Անհրաժեշտության դեպքում ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել օրենսդրական կարգավորման առաջարկություն։
Հավելենք, որ նախագծով ներդրվում է նաև նոր մեխանիզմ` գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձանց ընտանիքներին այդ աշխատանքի պատճառով ընտանեկան կամ սոցիալական նպաստից չզրկելու վերաբերյալ: