Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն այսօր դատարան կներկայանան օրվա երկրորդ կեսին

Այսօր չորրոդ օրն է, ինչ Երևանի Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դռնբաց նախնական դատական նիստը:

Այսօր ևս պաշտպանական կողմը ներկայացնում է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը:

Պաշտպանական կողմը դատական նիստի ժամանակ ներկայացրել էր նաև Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ անձնական երաշխավորությունը: Երաշխավորության մեջ մասնավորապես նշված է․ «Հաշվի առնելով Արցախի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վաստակը հայկական երկու հանրապետությունների կայացման հարցում, նրա հսկայական ավանդը Արցախյան պատերազմում և հայոց բանակաշինության մեջ, երաշխավորում ենք՝ Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցվելու դեպքում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք: Երաշխավորում ենք ազատության պայմաններում դատավարության ողջ ընթացքում նրա ներկայանալը դատարան և դատավարական պարտականությունների կատարումը, ուստի խնդրում ենք՝ կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով»:

Հարցի վերաբերյալ նախագահող դատավորը դատավարության մասնակիցներին տեղեկացրել էր, որ երաշխավորագիր ներկայացրած անձինք դատարանում պետք է վերահաստատեն այն։ Այդ պատճառով պաշտպանական խումբը դատարանից ժամանակ էր խնդրել՝ պարզելու համար, թե երբ է հնարավոր Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ներկայությունը կազմակերպել:

Երեկվա դատական նիստին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դատարանից խնդրել էր նաև, որպեսզի նրա կալանքը փոխելու վերաբերյալ անձնական երաշխավորություն ներկայացրած անձինք՝ Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, դատարան ներկայանան մայիսի 17-ին օրվա երկրորդ կեսին, քանի որ Արցախի Հանրապետության նախագահը բավական օրակարգային խիստ ժամանակացույց ունի։ Մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը խնդրել էր ժամանակ տալ Արցախի նախագահներին՝ դատարան ներկայանալ ուրբաթ օրը` մայիսի 17-ին, օրվա երկրորդ կեսին։ Հովհաննես Խուդոյանը խնդրել էր նաև, որպեսզի դատարանը դիտարկի ներկա և նախկին նախագահների մասնակցության հնարավորությունը տեսակապի միջոցով` հաշվի առնելով նրանց կարգավիճակը՝ իրավունքների ու պարտականությունների կատարման առումով։
Սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանն ասել էր, որ օրենքը նախատեսում է՝ անձը պետք է դատարանում ներկա լինի և զգուշացրել էր, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը լրանում է մայիսի 19-ին՝ կիրակի օրը, մայիսի 18-ը շաբաթ է, իսկ շաբաթ և կիրակի դատական նիստեր չեն լինում: Այնինչ պետք է հաշվի առնել, որ դատարանը պետք է հասցնի դատական ակտ կազմել, որի համար առնվազն մեկ օր է հարկավոր։ Ուստի դատավորը նպատակահարմար էր համարել, որպեսզի Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը գոնե այսօր ներկայանան նիստին։

«Իսկ շաբաթ և կիրակի օրերին դատական նիստի կազմակերպումը քիչ հավանական է։ Չեմ բացառում, բայց հնարավոր է, որ անհնար լինի այդ օրերին պարոն Քոչարյանի դատական նիստին մասնակցությունն ապահովելը։ Կճշտենք, բայց ամեն դեպքում պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ դատարանը պետք է նաև ժամանակ ունենա դատական ակտի կայացման համար»,- ասել էր դատավորը։

Դավիթ Գրիգորյանն առաջարկել էր, որ Արցախի նախագահները հնարավորության դեպքում դատարան ներկայանան ամենաուշը հինգշաբթի օրը` մայիսի 16-ին։
Հարցին անդրադարձել էր նաև Ռոբերտ Քոչարյանը և նշել, թե իրեն փոխանցել են, որ պատվիրակություն կա Ղարաբաղում, ուստի ևս մեկ անգամ խնդրել էր, որ հաշվի առնեն այդ հանգամանքը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը երեկ խնդրել էր իրենց ժամանակ տալ մինչև առավոտ, որպեսզի դատարանին տեղյակ պահեն, թե երբ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը կկարողանան ներկայանալ դատարան: Դատարանը համաձայնել էր:

Այսօր առավոտյան արդեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը լրագրողներին տեղեկացրել է, որ Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարան կներկայանան օրվա երկրորդ կեսին: