Վաղն առավոտյան պարզ կլինի՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը կներկայանա՞ն Ռ․ Քոչարյանի դատական նիստին (տեսանյութ)

Այսօր Երևանի Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նախնական դատական նիստը, որը երեկ հետաձգվեց  աշխատանքային օրն ավարտվելու պատճառով:

Դեռ երեկվանից Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու նրան դեմ արտահայտվող քաղաքացիները, հավաքվելով դատարանի բակում, բողոքի ակցիաներով դատարանից արդարադատություն են պահանջում։ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները՝ դատարանի շենքի մոտ, իսկ նրան դեմ արտահայտվողները՝ հակառակ մայթին՝ առանձնացված են ոստիկանների պատնեշով, որպեսզի երկու կողմերում կանգնածները միմյանց հանդեպ հարձակողական գործողություններ չիրականացնեն։ Թեև դատարանի բակում կիզիչ արև է, սակայն բողոքի ակցիա իրականացնողները չեն հանձնվում՝ մինչև դատական նիստի ավարտը մնալով այնտեղ։

Նշենք, որ այսօր պաշտպանական կողմը ներկայացնում էր «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը:

Եվ քանի որ երեկվա դատական նիստում դատարանը մերժել էր պաշտպանական խմբի կողմից նախագահող դատավորին հայտնած ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը, դատական նիստն այսօր էլ վարում էր դատավոր Դավիթ Գրիգորյանը։

Պաշտպանական կողմը դատական նիստի ժամանակ ներկայացրել էր նաև Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ անձնական երաշխավորությունը: Երաշխավորության մեջ մասնավորապես նշված է․ «Հաշվի առնելով Արցախի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վաստակը հայկական երկու հանրապետությունների կայացման հարցում, նրա հսկայական ավանդը Արցախյան պատերազմում և հայոց բանակաշինության մեջ, երաշխավորում ենք՝ Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցվելու դեպքում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք: Երաշխավորում ենք ազատության պայմաններում դատավարության ողջ ընթացքում նրա ներկայանալը դատարան և դատավարական պարտականությունների կատարումը, ուստի խնդրում ենք՝ կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով»:

Հարցի վերաբերյալ նախագահող դատավորը դատավարության մասնակիցներին տեղեկացրել էր, որ երաշխավորագիր ներկայացրած անձինք դատարանում պետք է վերահաստատեն այն։ Այդ պատճառով պաշտպանական խումբը դատարանից ժամանակ խնդրեց՝ պարզելու համար, թե երբ է հնարավոր Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ներկայությունը կազմակերպել:

Երեկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին միջնորդել էր նաև ՀՀ երկրորդ նախագահի կալանավորման ու խափանման միջոցի հարցի շրջանակում դատարան հրավիրել և հարցաքննել ՍԴ նախկին նախագահ, ներկայումս Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին, ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին: Միջնորդությանն առարկել էին մեղադրողները՝ ասելով, թե դատաքննության այս փուլում հարկ չկա այդ անձանց հարցաքննել։ Դատախազների առարկությանը պատասխանել էր անձամբ Ռոբերտ Քոչարյանը:

«Դատախազներն ասում են՝ այս փուլի հարց չի նրանց հարցաքննությունը, համաձայն եմ: Սա պետք է քննություն իրականացնելու ժամանակ արվեր, բայց, քանի որ այն ժամանակ այս դրվագի վերաբերյալ ուղղակի ուղղորդված քննություն է տարվել, դրա համար սա դառնում է այս փուլի հարց»,- ասել էր Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ ՍԴ նախկին նախագահին և դատավորներին չհարցաքննելն ուղղակի գիտակցված կողմնակալ մոտեցում է ամբողջ քննության ընթացքում:

Այնուամենայնիվ, դատարանը մերժել էր Հայկ Ալումյանի այդ միջնորդությունը ևս: Ալումյանն էլ արձագանքեց, որ դատարանը կաշկանդված է Գագիկ Հարությունյանի անձով:

Այսօրվա դատական նիստին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դատարանից խնդրեց, որպեսզի նրա կալանքը փոխելու վերաբերյալ անձնական երաշխավորություն ներկայացրած անձինք՝ Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, դատարան ներկայանան մայիսի 17-ին օրվա երկրորդ կեսին, քանի որ Արցախի Հանրապետության նախագահը բավական օրակարգային խիստ ժամանակացույց ունի։ Մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը խնդրեց ժամանակ տալ Արցախի նախագահներին՝ դատարան ներկայանալ ուրբաթ օրը` մայիսի 17-ին, օրվա երկրորդ կեսին։ Հովհաննես Խուդոյանը խնդրեց նաև, որպեսզի դատարանը դիտարկի ներկա և նախկին նախագահների մասնակցության հնարավորությունը տեսակապի միջոցով` հաշվի առնելով նրանց կարգավիճակը՝ իրավունքների ու պարտականությունների կատարման առումով։
Սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանն ասաց, որ օրենքը նախատեսում է՝ անձը պետք է դատարանում ներկա լինի և զգուշացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը լրանում է մայիսի 19-ին՝ կիրակի օրը, մայիսի 18-ը շաբաթ է, իսկ շաբաթ և կիրակի դատական նիստեր չեն լինում: Այնինչ պետք է հաշվի առնել, որ դատարանը պետք է հասցնի դատական ակտ կազմել, որի համար առնվազն մեկ օր է հարկավոր։ Ուստի դատավորը նպատակահարմար համարեց , որպեսզի Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը գոնե վաղը ներկայանան նիստին։

«Իսկ շաբաթ և կիրակի օրերին դատական նիստի կազմակերպումը քիչ հավանական է։ Չեմ բացառում, բայց հնարավոր է, որ անհնար լինի այդ օրերին պարոն Քոչարյանի դատական նիստին մասնակցությունն ապահովելը։ Կճշտենք, բայց ամեն դեպքում պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ դատարանը պետք է նաև ժամանակ ունենա դատական ակտի կայացման համար»,- ասաց դատավորը։

Դավիթ Գրիգորյանն առաջարկեց, որ Արցախի նախագահները հնարավորության դեպքում դատարան ներկայանան ամենաուշը հինգշաբթի օրը` մայիսի 16-ին։
Հարցին անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանը և նշեց, թե իրեն փոխանցել են, որ պատվիրակություն կա Ղարաբաղում և ուստի ևս մեկ անգամ խնդրեց, որ հաշվի առնեն հանգամանքը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը խնդրեց իրենց ժամանակ տալ մինչև առավոտ, որպեսզի դատարանին տեղյակ պահեն, թե երբ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը կկարողանան ներկայանալ դատարան: Դատարանը համաձայնեց:

Մանրամասները՝ տեսանյութում