Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդն իր բողոքն է արտահայտել հայ տղային «կրոնափոխած» հաղորդավարի դեմ

Կ. Պոլիսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն անդրադարձել է թուրքական հեռուստաեթերում հայ տղայի «կրոնափոխության» հարցին։

«Ermenihaber.am»ի տեղեկացմամբ, արքեպիսկոպոս Աթեշյանը զանգահարել է Թուրքիայի կրոնական գործերի վարչության պետին և հայտնել իր մտահոգությունը:

Մասնավորապես նշվում է, որ պատրիարքի փոխանորդն իր բողոքն է արտահայտել կրոնական գործերի վարչության պետին առա այն, որ իսլամական քարոզիչ Նիհաթ Հաթիփօղլուն ուղիղ եթերում «կրոնափոխ» է արել հայ պատանուն:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ապրող 13-ամյա Արթուր անունով հայ տղային համոզել էին ուղիղ եթերում իսլամ ընդունել։ Տղան նաև անվանափոխ էր եղել և ընդունել թուրքական «Նիհաթ» անունը։ «Իսլամի ընդունումը» տեղի էր ունեցել թուրք հայտնի աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի՝ շոուի տարրերով քարոզչական բնույթի հաղորդման ժամանակ։