Փաշինյանի խելքը գլուխը կգա, երբ ծոցը քնած մանկահասակ Արփին հոր պաշտպանած գրքույկի խորհրդին հետևելով, հանկարծ խելագարի պես գոռա՝ ո՛չ

Երկրի վարչապետն այսքանը չի՞ գիտակցում, թե հերթական անգամ զբաղվում է հասարակության գիտակցության մանիպուլյացիայով

Ավելի վաղ «զարմանալի» էինք համարել, որ մայիսի 8-ին հրավիրած մամուլի ասուլիսում անդրադառնալով «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի պատրաստած ու հանրային մեծ քննադատության արժանացած «Իմ մարմինն անձնական է» խայտառակ գրքույկին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրանում, ըստ իր հայտարարության, որևէ արտառոց կամ դատապարտելի բան չի տեսել:

Հանրությանը, կարծում ենք, հասկանալի է, որ հիշյալ ասուլիսում Փաշինյանն իրեն ապահովագրելու համար խորամանկեց՝ այնպես ներկայացնելով, որ ինքն այդ ոլորտի մասնագետ չէ, և որ «Իմ մարմինն անձնական է» գրքույկին առավոտյան է ծանոթացել, հասցրել է արագ նայել է, որպեսզի կարողանա պատասխանել լրագրողների հնարավոր հարցերին:

Միանգամից նշենք, որ գրքույկն այն աստիճանի անհեթեթ է և տարբեր էջերում արտահայտված այնքան արտառոց, դատապարտելի ձևակերպումներ, 3-6 տարեկաններին տրված այնպիսի քննադատելի խորհուրդներ ունի, որ այդ ամենը հասկանալու համար բնավ կարիք չկա մասնագետ կամ մեծ խելքի տեր լինել, դրա համար միջին կամ նույնիսկ միջինից ցածր մտավոր կարողություններն էլ լիովին բավական են: Եթե վարչապետն իսկապես չունի այդ կարողությունները, ինչը դժվարանում ենք պատկերացնել, ապա նրա հետագա պաշտոնավարումը ՀՀ վարչապետի պաշտոնում խիստ վտանգավոր է լինելու ՀՀ ազգային անվտանգության, մեր պետության ու նրա բնակչության համար:

Ինչ վերաբերվում է գրքույկին արագ ծանոթանալուն, ապա իր խոսքը հարգող ցանկացած մեկը, էլ չենք ասում՝ նախկին լրագրողը ու ներկայիս վարչապետը, չպետք է խոսի նրա մասին, ինչին բավականաչափ ծանոթ չէ, իսկ եթե բավականաչափ ծանոթ է, ուրեմն պետք չէ ձևեր թափել…

Փաշինյանը հիշյալ գրքույկին ծանոթանալով հանդերձ, կամ չի հասկացել այն, ինչ հասկացել և Ֆեյսբուքյան իր էջում մայիսի 6-ին կատարած հայտարարությամբ արտահայտել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, կամ էլ հասկանալով հանդերձ, նախընտրեց չհասկացողի դերում հանդես գալ, շեղվել բուն խնդրի էությունից, իրականությունից կտրված ներկայացնել այդ խայտառակ գրքույկի բովանդակությունը և նույնիսկ անուղղակիորեն քննադատել գրքույկը քննադատողներին:

Ընդգծելով, որ Երեխայի լավագույն շահն առաջնահերթ է ցանկացած իրավիճակում, Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ «ուսումնասիրել է հանրային այն քննարկումները, որոնք հաջորդել են երեխաների սեռական դաստիարակությանն առնչվող գրքի քննարկմանը նվիրված միջոցառմանը»: Նկատի ունենալով երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունները, Պաշտպանը գրել է. «Այդ ոտնձգություններից երեխաների պաշտպանության գրավականներից է թե՛ ծնողների, թե՛ երեխաների իրազեկվածությունը՝ վերջիններիս տարիքային զարգացմանը համահունչ» (ընդգծումը՝ մերը): Ամեն ինչից զատ, ահա հենց այս ընդգծված սկզբունքը կամ հանգամանն է, որ կոպտորեն անտեսվել է է 3-6 տարեկանների համար նախատեսված հիշյալ գրքույկում ու դրանում վատ բան չտեսած ՀՀ վարչապետի կողմից:

«Ակնհայտ է, որ երեխաների դաստիարականության հարցերը զգայուն են և մեր հասարակությունում հատուկ ուշադրության ներքո են,- գրել է Պաշտպանը:- Իրազեկման աշխատանքներն ինքնին կարևոր են, սակայն յուրաքանչյուր դեպքում նման պատասխանատու աշխատանքները պետք է նախապատրաստել, կազմակերպել և իրականացնել այնպես, որ դրանք հանրային նման արձագանքի կամ լարվածության առիթ չդառնան»։ Լավ կլիներ, որ վարչապետը սա էլ հասկանար, քանի որ, ինչպես հայտնի է, հիշյալ ՀԿ-ի նախաձեռնած «իրազեկման աշխատանքները» հանրային խիստ բացասական ու մեծ արձագանքի և լարվածության առիթ հանդիսացան:

Գրքույկում որևէ արտառոց ու դատապարտելի բան չտեսած վարչապետին օգնենք, որպեսզի տեսնի (եթե, իհարկե, ունի տեսնելու ցանկություն) 3-6 տարեկան երեխաների համար նախատեսված այդ խայտառակ հրատարակության վերջում Լարա Ահարոնյանի ղեկավարած «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ ստեղծած մի կայքի վրա կատարված հղումը: Մի կայքի, որը սովորեցնում է, թե ինչ բան է ձեռնաշարժությունը, ներկայացնում այլ անամոթ ու խայտառակ բաներ: Վարչապետն արտառոց ու դատապարտելի չի՞ համարում 3-6 տարեկաններին ձեռնաշարժություն սովորեցնելն ու գովազդելը…

Փաշինյանը հիշյալ գրքույկում գուցե ոչ թե չի տեսել, այլ չի ցանկացել տեսնել արտառոց ու դատապարտելի որևէ բան, քանի որ նույն Լարա Ահարոնյանն իր հարազատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ է: Հիշեցնենք, որ խոսքը 2011 թ. Երևանում «Հեշտոցի մենախոսությունները» թատերական ներկայացումը բեմադրած «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր և համանախագահ, ՀՀ Ազգային ժողովում ս. թ. մարտի 8-ին «Մենք նաև տրանս կանայք ենք, մենք նաև լեսբի և բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ» հայտարարությամբ հանդես եկած, իր հիմնադրած ու ղեկավարած կազմակերպության հետ Հայաստանում այլասերվածների «իրավունքների» պաշտպանությամբ զբաղվող, Սորսի հիմնադրամից քանիցս ֆինանսավորում ստացած, «Դուք, կանայք, դուք եք տերը ձեր մարմնի վրա» կարգախոսը կամ կոչը հրապարակայնորեն հնչեցրած, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օրերս ՀՀ վարչապետի նոր հեռախոսահամարը փնտրող Լարա Ահարոնյանի մասին է:

Իրականում, ինչպես արդեն նշել ենք, գրքույկում արտառոց ու դատապարտելի ոչ թե մեկ (որևէ), այլ բազմաթիվ բաներ կան: ԱԺ-ի նույնիսկ «Իմ քայլը» իշխանական խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն է հիշյալ գրքույկը համարել մանկավարժական ու մասնագիտական նորմերին չհամապատասխանող: Ավելին. ըստ հայտնի հոգեբան Կարինե Նալչաջյանի, «Գիրքն իր մեջ մանկապղծություն է պարունակում. ձևավորում է կա՛մ պղծվողների, կա՛մ պղծողների»։

«2017 թվականին Հայաստանում մանկապղծության 71 դեպք է տեղի ունեցել»,- հանրությանը թերևս ահաբեկելու նպատակով ասաց վարչապետը ու հետո վիճակագրական այդ ցուցանիշը մատի փաթաթան դարձնելով, կրկնեց ևս երկու անգամ՝ այդ դեպքերը բացատրելով Հայաստանում երեխաների սեռական դաստիարակության բացակայությամբ (մնում էր միայն ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին ցուցում տալ՝ դպրոցական ծրագրում «Սեռական դաստիարակություն» առարկա ընդգրկելու վերաբերյալ, ասենք, իրենց չսիրած կամ իրենց կողմից կասկածի տակ դրվող «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի փոխարեն): Փաշինյանի խոսքից ոմանք կարող են այն սխալ տպավորությունը ստանալ, թե ՀՀ-ում երեխաներին սեռական դաստիարակություն տալու պարագայում նրանց նկատմամբ սեռական բռնության դեպքերը կվերանան կամ էապես կնվազեն: Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է, հատկապես «Իմ մարմինն անձնական է» խայտառակ գրքույկի նման հրատարակություններով, երեխաների տարիքային առանձնահատկությունները հաշվի չառնելով, նրանց շրջանում իրենց սեռականության նկատմամբ վաղաժամ հետաքրքրություն առաջացնելը կարող է ճիշտ հակառակ արդյունքն ունենալ՝ նպաստելով Հայաստանում մանկապղծության դեպքերի աճին: Ավելորդ չենք համարում «Իրատես» թերթի 2019թ. մայիսի 14-ի համարում հրապարակված «Աղջիկն էլի ջուր է ծեծում» վերտառությամբ հոդվածից մի մեջբերում կատարել. «Նախ` մի կարևոր փաստ. սեռական դաստիարակության ու սեռական տարբեր ոլորտների մասին Ճապոնիայում ստեղծվել է ավելի շատ գրականություն, քան ամբողջ աշխարհում, բայց այսօր Ճապոնիան հայտնի է թե՛ սեռական բռնությունների բացառիկ շատ դեպքերով, թե՛ գերայլասերվածությամբ»:

Ավելի վաղ Փաշինյանը մի առիթով ասել է. «Աբսուրդ բան ասեմ՝ կարող է շատ կարևոր, շատ կարևոր բանակցություններից առաջ, կներեք, կարող է, չգիտեմ, աբսուրդ հնչի, բայց ուզում եմ լրիվ կիսվել և բացվել ձեզ հետ, կարող է ըտենց մի պահ հասունանալ, և որոշեմ, որ էդ բանակցություններից առաջ, ոնց ասեմ, որ կոպիտ չհնչի, կարող է որոշեմ, որ այդ բանակցությունների նախորդ գիշերը, կներեք, Արփին պետք ա էդ գիշերն իմ ծոցը քնի, որովհետև դա ինձ համար կարևոր ա»:

Վարչապետը վերոնշյալով հավանաբար փորձել է արդարանալ կամ բացատրել, թե իր արտասահմանյան ուղևորությունների ժամանակ ինչու է իր մանկահասակ աղջնակին երբեմն իր հետ տարել: Բայց խնդիրը տվյալ դեպքում սա չէ: Դատապարտելի որևէ բան չկա նրանում, որ մայրը կամ հայրը նույն մահճակալի վրա քնում է իր մանկահասակ երեխայի հետ, Հայաստանում և այլ երկրներում դա շատ տարածված է: Փոքր տարիքի երեխայի հետ քնելու պատճառը որոշ դեպքերում բնակարանային կամ սոցիալական պայմաններն են, որոշ դեպքերում ծնողը երեխային սիրելով, նրանից չկտրվելու ձգտմամբ կամ հենց երեխայի խնդրանքով, նրան հեքիաթ պատմելով է քնում նույն անկողնում, այլ դեպքերում՝ երեխայի վատառողջ լինելու պատճառով ու նրա վիճակին մոտիկից հաճախակի հետևելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Եվ հիմա Փաշինյանը հասկանո՞ւմ է, որ ինքը կամ երեխայի ծոցը քնող ցանկացած ծնող այդ ընթացքում կարող է պատահականորեն, առանց որևէ ստոր նպատակի, ձեռքով դիպչել երեխայի հետույքին կամ աղջնակի կրծքին, հասկանո՞ւմ է, որ այդպիսի դեպքեր ակամայից կարող են լինել նաև ուղևորներով գերլեցուն մեր հասարակական տրանսպորտում անծանոթների կողմից: Եվ ի՞նչ… Ըստ Փաշինյանի կողմից ուղղակիորեն թե անուղղակիորեն պաշտպանության տակ առնված «Իմ մարմինն անձնական է» գրքույկով 3-6 տարեկաններին տված խորհրդի, երեխան յուրաքանչյուր այսպիսի դեպքում դա համարելով իր մարմնի անձնական մասերին դիպչում, պետք է բարձր բղավի «ոչ»: Բա մեղք չե՞ն մեր 3-6 տարեկան երեխաները, չէ՞ որ այսպես նրանց վաղ տարիքից յուրօրինակ հոգեկան հիվանդների, հոգեբանական ինչ-ինչ շեղումներ, բարդույթներ ունեցող անձանց կարող են վերածել: Եվ երկրի վարչապետն այսքանը չի՞ գիտակցում, թե հերթական անգամ զբաղվում է հասարակության գիտակցության մանիպուլյացիայով, դեմագոգիայով: Թող ինքը պատասխանի, ինքն ավելի լավ կիմանա…

 

Արթուր Հովհաննիսյան