Այդ արդարադատությունը վաղը գործող իշխանության կործանման հիմնական պատճառներից մեկն է լինելու

Քաղաքացին կարող է ապրել աղքատ, ունեզրկված բանկերի կողմից, բայց դա ժամանակավոր բնույթ է կրում և բնորոշ է անցումային փուլում գտնվող բոլոր պետություններին, բայց երբ այդ քաղաքացին իրավազուրկ է, երբ այդ քաղաքացին սիրում է իր համար հերոսներ կերտել, հետո վրայով անցնել, հետո նորից կերտել ու նորից վրայով անցնել ու այդպես շարունակ՝ շարունակելով մնալ իրավազուրկ, այդ քաղաքացին այդպես էլ մնալու է ունեզրկված:

Երբ քաղաքացու համար ստեղծում են հավասար դաշտ աշխատելու համար, սակայն այդ քաղաքացին իր կերտած հերոսից պահանջում է ոչ թե աշխատանք, այլ միանգամից աշխատանքի արդյունքը, ապա անհրաժեշտ է շուտափույտ երկրում ձևավորել Օրենքի Դիկտատուրա, որպեսզի երկրում ձևավորվի աշխատելու և միայն արդար աշխատանքի արդյունքով ապրելու կուլտուրա:

Երբ երկրում արդարադատությունն իրականացվում է փողոցում, կաբինետներում, կուլիսներում, ամեն տեղ, բացի դատարաններում, իսկ դատավորը, թքած ունենալով իր առաքելության վրա, դառնում է կամակատարը հասարակական կարծիքի, գործադիրի, իսկ իրավապաշտպանների բողոքները մնում են անարձագանք, այդ արդարադատությունը վաղը գործող իշխանության կործանման հիմնական պատճառներից մեկն է լինելու:

Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ ամեն վատի մեջ պատճառ են փնտրում գործող սահմանադրությանը, ապա ցանկանում եմ փաստել, որ երկրի գլխավոր օրենքն ինչ որ մեկի գիտական աշխատանքը չի, որ լավ-վատի գնահատական տրվի, այն տվյալ ժամանակի ազդեցիկ քաղաքական ուժերի հարաբերակցության արդյունքն է և չի կարող պատճառ հանդիսանալ քաղաքացու իրավազրկությանը, այլ հակառակը, իրավազուրկ քաղաքացին արժանի է այն սահմանադրությանը, որին արժանի է:

 

Լևոն Բաղդասարյան

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ

LEV GROUP. Լև Գրուպ փաստաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջից

https://www.facebook.com/levgrouplawcompany/posts/2132267830225259