Ռուսաստանի վերջին ցարի ու նրա ժառանգության գաղտնիքը

Այժմ, երբ կտրուկ սրվել են հարաբերությունները Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև (խոսքը հատկապես վերաբերում է Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցներով Ռուսաստանի տնտեսական ճնշմանը), կարծես թե խիստ անհրաժեշտություն պետք է առաջանա ցարական ընտանիքի ժառանգության ու հատկապես ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի ու միջազգային արտարժույթի ստեղծման մեջ հիշյալ ընտանիքի մասնակցության հարցն օրակարգային դարձնելը:

Դաշնային պահուստային համակարգի հիմնադրման մեջ ցարական մասնակցությունը կազմել է 88,8 % (ոսկու ակտիվների և տարեկան 4 % եկամուտների տեսքով, որն, ի դեպ, ամեն տարի պետք է փոխանցվեր Ռուսաստան), ինչի մասին փաստաթղթերում նշվել է, որ 99 տարի ժամկետով դրանց տնօրինումը հանձնվում է Ռոտշիլդներին: Այդ փաստաթղթի երեք օրինակներից երկուսը ենթադրաբար գտնվում են Ռուսաստանում: Ի դեպ, 1944 թ. Բրետտոն-Վուդյան ֆինանսա-տնտեսական կոնֆերանսը հաստատել է այդ ակտիվների 88,8 %-ի պատկանելությունը Ռուսաստանին:

Ընդհանրապես, ըստ ՌԴ արտգործնախարարության արխիվային տվյալների, ցարական ընտանիքին պատկանող շուրջ 400 մլրդ դոլար գումարին հասնող ավանդներ են դրված ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի ու Ճապոնիայի բանկային հաշիվներում, որոնց ճակատագրի մասին մինչ օրս չհաստատված և իրարամերժ տեղեկություններ են տարածվում:

Միացյալ Նահանգների ու Մեծ Բրիտանիայի կողմից Ռուսաստանը որպես աշխարհաքաղաքական, տնտեսական ու պետական միավոր վերացնելու (ինչը կածես թե գրեթե ստացվել էր 1980-90-ականններին) հիմնական մոտիվներից մեկը կարող է լինել հենց այն հանգամանքը, որ պարտատիրոջ վերացումից հետո ինքնին վերանում է պարտքի վերադարձման անհրաժեշտությունը:

Վերջին տարիներին մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ կան ու գտնվել են ցարական ընտանիքի ժառանգները: Ընդ որում, բրիտանական թագավորական ու ֆինանսական շրջանակների կողմից ներկայացվում է ցարական ժառանգի իրենց թեկնածուն, իսկ ռուսական մամուլը մերթընդմերթ պնդում է, որ ցարական ընտանիքն իրականում չի գնդակահարվել (ի դեպ, նրանց փրկությունը շատերը կապում են Ստալինի հետ) և այժմ Ռուսաստանում ապրում են Նիկոլայ 2-րդի իրական ժառանգները:

Հիշեցնենք, որ 1998 թ. ցարական ընտանիքի վերահուղարկավորմանը Ռուսական ուղղափառ եկեղեցին չմասնակցեց, թեև մինչ այդ բոլոր գնդակահարվածներին նույն եկեղեցին սրբացրել էր: Բանը նրանում է, որ  Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Ճապոնիայից և այլ երկրներից պատմաբանները, գենետիկները, գրաֆոլոգները և մի շարք այլ մասնագետներ այդպես էլ չեն կարողանում վերջնականապես պատասխանել այն հարցին, թե գտնված ոսկրերն արդյոք պատկանո՞ւմ են Ռուսաստանի վերջին կայսեր Նիկոլայ 2-րդին և իր ընտանիքի անդամներին: Այն, որ Եկատերինբուրգում 1918 թ. հուլիսին ցարական ընտանիքի անդամներն իրականում չեն գնդակահարվել, վկայում են նաև բազմաթիվ պատմական փաստեր, որոնց վրա այժմ հարկ չկա կանգ առնել:

Այսօր Ռուսաստանում կան եզակի մասնագետներ, որոնք բազմակողմանիորեն հետազոտում են այս հարցերը, բայց, չգիտես ինչու, նրանք իշխանությունների կողմից պահանջված չեն:

Ըստ մասնագետների, եթե այդ փաստաթղթերը հրապարակվեն, ապա դա անմիջապես կարող է հանգեցնել ԱՄՆ-ի ֆինանսական գերիշխանության կտրուկ փլուզմանը: Չմոռանանք, սակայն, որ ԱՄՆ-ը հանդիսանում են միակ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական բևեռը, իսկ ամերիկյան արտարժույթը՝ հիմնական ֆինանսական գործառույթային միավորն աշխարհում: Հասկանալի է, որ ԱՄՆ-ի ֆինանսական կործանումը հավասարազոր է համաշխարհային ֆինանսական կործանմանը: Չի բացառվում, որ ներկայիս մի շարք գործընթացներ (Թրամփի ընտրությունն ու նրա քաղաքականությունը, Մեծ Բրիտանիայի մեկուսացումը, Ռուսաստանի ու Չինաստանի հզորացումը, միջազգային առևտրում այլ արժույթների ակտիվ ներթափանցումը և այլն) միտված են այս հարցերի կառավարելի կամ ինքնաբուխ կարգավորմանը:

 

Լևոն Անդրիասյան