Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Հրաչյա Աշուղյանը

Կյանքի 80-րդ տարում  վախճանվել է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ բեմադրիչ, Հրաչյա Գևորգի Աշուղյանը։ Այս մասին տեղեկացրել են Թատերական գործիչների միությունից։

Հրաչյա Աշուղյանը ծնվել է 1938 թվականի հոկտեմբերի 7-ին` Թբիլիսիում: Դերասան Գևորգ Աշուղյանի որդին է: 1963թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը:  Եղել է Վարդան Աճեմյանի սանը։ Պատմում են, որ որպես դիպլոմային աշխատանք վիճակահանությամբ իրեն բաժին էր ընկել Պրոսպեր Մերիմեի «Աֆրիկական սերը»։ Սիրո եռանկյունու մեջ արաբ Զեյնը շատ էր հիշեցնում Շեքսպիրի Օթելլոյին: Ներկայացումը դիտողների թվում էր նաև Վահրամ Փափազյանը, և Հրաչյան մեծ հուզմունքով էր սպասում նրա գնահատականին: Ներկայացման ավարտին մեծ դերասանը մոտենալով՝ համբուրում է նորահայտ ռեժիսորին, դրանով արտահայտելով իր գոհունակությունը,  ապա հավելում. «Մա՛նչս, ամեն սև բան Օթելլո չէ»։

1963-75թթ․ աշխատել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 1975-ից` հայկական հեռուստաթատրոնում` որպես ռեժիսոր, հետագայում` գլխավոր ռեժիսոր: 1967-ից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (2002-ից` պրոֆեսոր), 1992թ․` Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում:

Բեմադրել է մոտ երեք տասնյակ հեռուստաներկայացումներ, զանգվածային թատերականացված հանդիսություններ («Էրեբունի-Երևան», «Գլաձորի 1700-ամյակը», 1-ին-ից 3-րդ համահայկական խաղեր և այլն): Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի բեմում Հր. Աշուղյանի գեղարվեստական բեմադրությամբ կայացել են հայ մեծանուն արվեստագետների, գրողների, պետական գործիչների թատերականացված հոբելյաններ։

Բեմադրություններ է իրականացրել նաև արտասահմանում: 1985թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 2001թ.` ՀՀ «Մովսես Խորենացի», ՀԹԳՄ ոսկե մեդալների, 2013թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչման: 1987թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2006թ.` ժողովրդական արտիստի կոչման: