25 տարի՝ հրադադարի ռեժիմով

Մայիսի 12-ին լրանում է Արցախյան հակամարտության հրադադարի համաձայնագրի ստորագրման 25-ամյակը

1994 թվականի այս օրը` մայիսի 11-ին, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը Ստեփանակերտում ստորագրեց Արցախյան պատերազմի հրադադարի համաձայնագիրը։ Իսկ ավելի վաղ՝ 1994թ. մայիսի 5-ին, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի Հանրապետության, ՌԴ ԴԺ և ԱԳՆ նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում, որի ավարտին Ադրբեջանի Միլի մեջլիսի, Հայաստանի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներն ստորագրեցին Բիշքեկյան արձանագրությունը, որով կոչ էր արվում դադարեցնել կրակը 1994թ. մայիսի լույս 9-ի գիշերը:

Մայիսի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով ՌԴ լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նախապատրաստեց Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիր, որը նույն օրը ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը: 1994թ. մայիսի 10-ին Երևանում համաձայնագիրն ստորագրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին` ԼՂ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը:

Հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերին: Ըստ այդ համաձայնագրի՝ 1994 թ. մայիսի 12-ին ժամը 00։01-ին ավարտվեց պատերազմը և դրանով իսկ ազդարարվեց հայ ժողովրդի մեծ հաղթանակը։

Փաստաթղթում գրված է.

«Արձագանքելով Բիշքեկում 1994թ. մայիսի 5-ին կնքված արձանագրության մեջ շարադրված՝ կրակը դադարեցնելու մասին կոչին և հիմք ընդունելով 1994թ. փետրվարի 18-ի արձանագրությունը, հակամարտող կողմերը պայմանավորվել են հետևյալի մասին՝

  • Ապահովել հրադադար և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում 1994թ. մայիսի 12-ի 00 ժամ 01 րոպեից: Կրակը դադարեցնելու մասին համապատասխան հրամանները կտրվեն ու կհասցվեն զինված կազմավորումների հրամանատարներին, որոնք պատասխանատու են դրանց կատարման համար, ոչ ուշ, քան 1994թ. մայիսի 11-ին: Մայիսի 12-ին մինչև 23:00-ն կողմերը կփոխանակեն կրակը դադարեցնելու մասին հրամանների տեքստերը հետագայում այն լրացնելու և նմանատիպ փաստաթղթերի հիմնական դրույթները ունիֆիկացիայի ենթարկելու նպատակով:
  • Խնդրել ՌԴ պաշտպանության նախարարին մայիսի 12-ից ոչ ուշ հրատապ խորհրդակցություն հրավիրել Ադրբեջանի, Հայաստանի պաշտպանության նախարարների ու ԼՂՀ ՊԲ հրամանատարի միջև՝ նպատակ ունենալով համաձայնեցնել զորքերի տարանջատման սահմանները, ռազմատեխնիկական այլ հրատապ հարցերն ու նախապատրաստելով միջազգային դիտորդների առաջատար խմբի ծավալումը:
  • Այս պայմանավորվածությունը կօգտագործվի բանակցությունները 10 օրվա ընթացքում ավարտելու և մայիսի 22-ից ոչ ուշ Ռազմական հակամարտության հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման համար:
  • Սույն պայմանավորվածությունն ուժի մեջ է մտնում այն բանից անմիջապես հետո, երբ Միջնորդը կիրազեկի, որ հակամարտող կողմերից ստացել է լիովին համարժեք փաստաթղթեր՝ ստորագրված լիազոր ներկայացուցիչների կողմից»: