Վլադիմիր Կարապետյանը չէ, որ պետք է իմ հայտարարություններին գնահատական տա. Վիտալի Բալասանյան․ 168․am

Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման 27-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին մայիսյան եռատոնի կապակցությամբ ազատ արձակելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված Արցախի ներկա և նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի նամակին՝ ասել էր, որ եթե Արցախի երկու նախագահները՝ գործող և նախկին, դիմել են, որ Ռոբերտ Քոչարյանին թույլ տային մասնակցել Արցախում Մայիսյան եռատոնի միջոցառումներին, պետք է հարգեին այդ դիմումը և րոպե առաջ այդ որոշումը կայացնեին:

«Նրանց դիմումն այն չէր, որ ընդհանրապես քրեական գործի հետապնդումը կասեցնեին, նրանց հայտարարությունն այն էր, որ գոնե այս օրերին, Հաղթանակի օրը բոլոր նախագահները ներկա գտնվեին, մասնակցեին մեր հաղթանակներին»,- ասել էր Վիտալի Բալասանյանը։

Վիտալի Բալասանյանի այս  մեկնաբանությանն արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ նշելով, որ նման կարգի պաշտոնյան իր խոսքում պետք է պահպաներ անհրաժեշտ զսպվածություն։

«Եթե չեմ սխալվում՝ վերջին մի քանի տարիներին, երբ Ռոբերտ Քոչարյանը կատարյալ ազատության մեջ էր, հաղթանակի շքերթներում չի նկատվել։ Միգուցե դա պայմանավորված է նրանով, որ լինելով, իր իսկ պնդմամբ, Հայաստանի բնակչության կես տոկոս էլ չկազմող հարուստների շարքում, իսկ որոշ լրատվամիջոցների պնդմամբ՝ դոլարային միլիարդատեր, որևէ ներդրում չի արել իր հայրենի Արցախում: Փոխանակ այս քանի տարվա մեջ հորդորեր ներդրումներ անելու, անտեղի հայտարարություններ է անում»,- ասել էր Վլադիմիր Կարապետյանը:

Այս թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է Վիտալի Բալասանյանի հետ։ Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ։

– Պարոն Բալասանյան, վերջին տարիներին, երբ Արցախում տեղի է ունեցել Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառում, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դրանց մասնակցե՞լ է, թե՞ ոչ։

– Չեմ կարող ասել, որ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 9-ի բոլոր միջոցառումներին մասնակցել է, հատկապես երբ զբաղեցնում էր պետական պաշտոն։ Սակայն Հայաստանից միշտ պետական պատվիրակություն եղել է՝ թե՛ ի դեմս վարչապետի ու նախագահի, թե՛ ԱԺ- նախագահի։ Նրանք մասնակցել են բոլոր միջոցառումներին, մայիսի 9-ին, սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության տոնին։ Այսինքն՝ տարբեր միջոցառումների Հայաստանը՝ ի դեմս առաջին դեմքերի, մասնակցել է։

– Արցախի տնտեսության և ընդհանրապես Արցախի համար Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ է արել։

– Արցախի ազատագրական շարժման ակունքներում Ռոբերտ Քոչարյանը կարևոր դերակատարում է ունեցել։ Եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ և Արցախի Հանրապետության դե ֆակտո և դե յուրե ղեկավարը։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի անձնական միջոցներին, ինչպես նշվում է Վ. Կարապետյանի մեկնաբանության մեջ, չեմ էլ ուզում մեկնաբանել այդ մարդու ասածները, եթե նա տեղյակ է, որ Ռոբերտ Քոչարյանը միլիարդներ ունի, ապա ճիշտ կլինի՝ դիմի համապատասխան մարմիններին և տա հաղորդագրություն։ Ես ընդհանրապես տեղյակ չեմ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին, ուր մնաց՝ Ռ. Քոչարյանին էլ հորդորեի, որ Արցախում ներդրումներ աներ, ես սա անկեղծ եմ ասում։

– Ըստ ՀՀ վարչապետի խոսնակի, Ձեր պաշտոնը զբաղեցնող պաշտոնյան իր մեկնաբանություններում պետք է մի քիչ զուսպ լիներ։ Ձեր մեկնաբանության մեջ ի՞նչն է անզուսպ՝ըստ Ձեզ։

– Նախ՝ այդ հարցն ուղղեք պարոն Վլադիմիր Կարապետյանին, երկրորդ՝ նա չէ, որ պետք է իմ հայտարարություններին գնահատական տա ու ասի՝ որն է լուրջ կամ անլուրջ։ Իմ  խոսքում որևէ անզուսպ հայտարարություն չկա։ Լրագրողների հետ զրույցում ասել եմ, որ Արցախի երկու նախագահները դիմել են, և ՀՀ իշխանություններն ու իրավապահ մարմինները պետք է հարգեին։

Չենք ասել, որ իրավապահներն այդ գործը պետք է կասեցնեին, եթե նա որևէ բան է կատարել, ապա պետք է պատասխան տա օրենքի տառին համապատասխան։ Ասածն այն է եղել, որ եթե չեն հարգել Արցախի Հանրապետության գործող և նախկին նախագահների դիմումը կամ խնդրանքը, ապա սխալ են արել, քանի որ մենք փորձում ենք միասնաբար նշել այդ օրը։

Սա է եղել կարևորը, որ Հայաստանի իշխանություններին Արցախի իշխանություները համախմբվածության կոչ են անում, և անհրաժեշտ էր, որ այդ կոչին ընդառաջ քայլ անեին։ Սա է եղել իմ անձնական կարծիքը, բայց եթե մարդիկ կան, որ իմ անձնական կարծիքը վերածում են պաշտոնական հայտարարության, խնդիր չկա՝ դա նրանց գնահատականն է։

– Մայիսի 9-ին Արցախում տեսա՞ք Հայաստան-Արցախ միասնականությունը։

–  Թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում եթե լինում են նման միջոցառումներ, ապա որևէ մեկը չպետք է սպասի պաշտոնական հրավերի, խոսքը բոլորին է վերաբերում՝ թե՛ պաշտոնաթող նախագահներին ու այլ պաշտոնյաների, թե՛ սփյուռքահայությանը։ Նման միջոցառումների մասնակցելը բոլորիս սրբազան պարտքն է։ Մեծ   պատասխանատվությամբ մենք պետք է հարգենք ու պաշտենք այն հաղթանակները, որոնք եղել են Արցախի ու Հայաստանի միաբանության ու համատեղ թափած արյան արդյունքում։

– Արցախից վերադառնալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ. «Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդն այն կդարձնի հեղափոխության օջախ»: Ի՞նչ կասեք այս ամենի վերաբերյալ։

– Ես չեմ տեսել, թե ինչ է գրել վարչապետը, բայց եթե նա որևէ մեկից լսել է նման բան, ցանկալի կլինի, որ նա բարձրաձայնի, թե ով է նման բան ասել։ Եթե վարչապետը նման բան է ասում, ապա դա իր գնահատականն է, ես չեմ կարող մեկնաբանել։

Զվարթ Խաչատրյան