Մեկնարկել է ավտոերթը՝ հաջակցություն Ամուլսարի պահապանների

Երևանից մեկնարկեց դեպի Ջերմուկ ավտոերթը՝ ի զորակցություն Ամուլսարի պահապանների, ովքեր արդեն շուրջ 11 ամիս է` փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհը։ ՀԲՃ անդամ, Երևանից դեպի Ջերմուկ ավտոերթ կազմակերպող նախաձեռնող խմբի անդամ Աննա Շահնազարյանը հայտնել է, որ ավտոերթին Երևանից միացել է մոտ 100 մարդ։ Նրա խոսքով` թիվը կարող է ավելի շատ լինել, քանի որ այդ թիվը գրանցվածների թիվն է։ Շատերը միացել են իրենց անձնական մեքենաներով:

«Ջերմուկ համայնքի բնակիչները հունիսի 22-ից՝ շուրջ 11 ամիս, դադարեցրել են Ամուլսարում իրականացվող հանքահենական ծրագիրը: Մեր համայնքը վերահաս վտանգներից ու ռիսկերից պաշտպանելու համար 11 ամիս օր ու գիշեր կանգնած ենք եղել դեպի Ամուլսար տանող դաշտամիջյան ճանապարհներին: Գրեթե մեկ տարի անց Ջերմուկ համայնքը և բոլոր այն մարդիկ ովքեր դեմ են ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ մետաղական հանքի շահագործմանը, դուրս են գալիս փողոց վերահաստատելու իրենց ամիսներ առաջ կայացրած որոշումը։ Մեր Սահմանադրական իրավունքն իրացնելիս, ի լրումն Ջերմուկ համայնքի շուրջ 3000 ստորագրությունների, կարիք ենք զգում ևս մեկ անգամ Կառավարությանն ուղերձ հղել, որ Ջերմուկ համայնքի ձայնն ու բնակիչների իրավունքները լսելի պետք է լինեն և հաշվի առնվեն որոշումների կայացման ժամանակ»,- նշված է Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացված դեպի Ջերմուկ ավտոերթի միջոցառման մեջ:

ԷկոԼուր