Ռուսաստանը կշարունակի աջակցել Երևանին և Բաքվին՝ փոխհամաձայնության եզրեր գտնելու հարցում․ ՌԴ ԱԳՆ

Այսօր ՌԴ արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ստորագրած հրադադարի պայմանագրի 25-րդ տարվա կապակցությամբ։ Հաղորդագրության մեջ նշված է․ «Մայիսի 12-ին կլրանա Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարի պայմանագրի 25-րդ տարին։ Համաձայնագիրը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության ուղղակի միջնորդությամբ։ Պայմանագիրը հնարավորություն տվեց դադարեցնել զանգվածային արյունահեղությունն ու սկսել ղարաբաղյան խնդրի կարգավորման քաղաքական-դիվանագիտական գործընթաց։

Մայիսի 12-ին ստորագրած պայմանագիրն առայժմ հրադադարի ռեժիմի պահպանման հիմքն է համարվում»։

Հաղորդագրության մեջ նշված է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը բավականին բարդ է, և որ այդ հարցում ինչպես վերելքներ, այնպես էլ անկումներ են լինում։ Պայմանագրի մասնակիցներից քաղաքական կամք ու ժամանակ է պահանջվում՝ կարգավորման հիմնական դրույթներում համաձայնության գալու համար։

«Մենք տեսնում ենք կայուն խաղաղության ձեռքբերման ուղղությամբ կողմերի պատրաստակամությունը համատեղ աշխատանքը շարունակելու հարցում,- նշված է հաղորդագրության մեջ։- Այդ մասին են վկայում, մասնավորապես, Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ վերջերս կայացած հանդիպումը, ինչպես նաև Մոսկվայում երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները։ Մենք մեր կողմից կշարունակենք աջակցել Բաքվին և Երևանին՝ փոխհամաձայնության եզրեր գտնելու հարցում։ Ինչպես նախկինում, այժմ էլ հետևողականորեն կշարունակենք ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ միջնորդական ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»։