Բացվել է Երևանի 2800-ամյակի այգին

Այսօր բացվել է Երևանի 2800-ամյակի այգին։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամներ, Երևանի քաղաքապետը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ քաղաքացիներ: Այս մասին տեղեկացրել են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Այգին կառուցվել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից` Միքայել և Կարեն Վարդանյանների ֆինանսավորմամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել այգում, ծանոթացել աշխատանքների արդյունքներին և քաղաքացիների համար ստեղծված պայմաններին:

Այգու նախագծի հեղինակ Կարեն Վարդանյանը ներկայացրել է կատարված աշխատանքները. նա նշել է, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են 1,5 տարում, այգում փոխվել է ամեն ինչ: Տնկվել են բացառիկ ծառատեսակի ծառեր, տեղադրվել է շուրջօրյա կաթիլային և ցնցուղային ավտոմատ ոռոգման համակարգ: Այգու կենտրոնական հատվածում տեղադրվել է Երևանի քարտեզը, կառուցվել է Երևանի քարտեզի տեսքով փորագիր հրապարակ: Տեղադրվել են շատրվաններ, հին հայկական գորգերի զարդանախշերով սալահատակ, բրոնզաձույլ արձաններ, նստարաններ, աղբամաններ և լուսասյուներ: