Մայիսյան հաղթանակների խորհուրդը մեզ համար

1918 թվական… hայ ժողովրդի գլխին տակավին կախված էր Ցեղասպանության արհավիրքը, շուրջը կայսրություններ էին կործանվում: Դրված էր ամբողջ հայ ժողովրդի ֆիզիկական գոյության հարցը: Բայց մեր ժողովուրդը համակենտրոնացրեց իր ուժերը 1918թ․ մայիսի 28-ին և սկիզբ դրեց հայոց անկախության և պետականության վերականգնմանը: Այդ օրը կապված է օսմանյան մարդասպանների դեմ Հայոց բանակի տարած փառապանծ հաղթանակների հետ: Սակայն, սկսած ՀՀՇ-ի իշխանավարությունից, Հայաստանում տարիներ շարունակ կանխամտածված կամ չգիտակցված ստորադասվել է 1918 թվականի մայիսյան այս օրվա նշանակությունը: 1991թ. պետական անկախության վերականգնումը չկապելով 1918թ. մայիսի հետ՝ Հայաստանի Հանրապետության 1990-ական թվականների տերերը ոտնահարեցին պատմական արդարությունը: Լավ է, որ գոնե խելքները բավականացրեց Հայաստանի Հանրապետությունը հռչակել որպես Առաջին հանրապետության իրավաժառանգորդ. չէ՞ որ 1918թ․ թե՛ Արցախը չի եղել «ինչ-որ» մեկինը՝ Արցախի հայերից և Արցախի (Ղարաբաղ) հայերի Ազգային Խորհրդից բացի, թե՛ Նախիջևանն է եղել Առաջին հանրապետության անքակտելի մասը, թե՛ Կարսի մարզն է եղել հայկական:

1945 թվականի մայիս 9… Շատ քչերին է հայտնի՝ երբ մայիս 2-ին ամբողջ աշխարհը խանդավառ տոնում էր Գերմանիայի կապիտուլյացիան, ինչ-որ տեղ դեռ մարտերը շարունակվում էին: Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղակայված գերմանական օկուպացիոն կորպուսը վայր չէր դրել զենքերը, և գերմանացիների, չեխ կոլաբորացիոնիստների ու դավաճան-վլասովականների դեմ մղվող մարտերին մասնակցում էին նաև խորհրդային բանակի ստորաբաժանումների մաս կազմող մի շարք հայկական զորամիավորումներ: Ահա թե ինչու ԽՍՀՄ-ի և նրա ժողովուրդների համար որպես պատերազմի ավարտ նշանավորվեց մայիսի 9-ը և ոչ թե մայիսի 2-ը: 1945 թվականի մայիսի 9-ին գերմանական բոլոր զորքերը Չեխիայում ստիպված էին հանձնվել… Այնպես որ, հայ զինվորներն ու սպաներն իրենց հաղթական քոչարին պարեցին ոչ միայն Բեռլինում:

Նշենք նաև, որ 1945թ․ մայիսի 9-ը նաև առանձին հայերի հաղթանակն է: Հիմա ջանքեր են գործադրվում խեղաթյուրելու 1941-1945 թվականների մասին տեղեկությունները: Մինչդեռ ոչ ոք չպետք է մոռանա, որ Թուրքիան կազմ-պատրաստ մտադիր էր ներխուժել Անդրկովկաս, եթե Ստալինգրադի մատույցներում Գերմանիային հաջողվեր ճեղքել ռազմաճակատը և շարժվել դեպի հարավ: Ստալինգրադի հերոսական պաշտպանությանը ևս մասնակցել են հազարավոր հայորդիներ, Կովկասի համար մղվող մարտերում նրանց թիվն էլ ավելի մեծ էր: Եվ նրանցից շատերը չվերադարձան տուն… Փառք ու պատիվ նրանց։

1992թ․ մայիսի 9… Բազմաչարչար Արցախը ներքաշվել էր պատերազմի մեջ: Ողջ Հայաստանը, ողջ հայությունը շտապում էր Արցախին օգնության: Այն ժամանակ ես ակամա զուգահեռներ անցկացրի 1918 թվականի հետ: Հիշեցնեմ. Արցախի ազգային խորհուրդը հետևյալ պատասխանն էր տվել կովկասյան թաթարների և Անգլիայի ռազմական հրամանատարության վերջնագրերին. «Ղարաբաղի հայկական Ազգային խորհուրդը ողջ կազմով, Ղարաբաղի բոլոր շրջանների հայկական զորքերի հրամանատարների հետ համատեղ, քննարկելով ադրբեջանական կառավարության կողմից Ղարաբաղում գեներալ-նահանգապետի նշանակման փաստը, եկել է եզրահանգման, որ հայկական Ղարաբաղը չի կարող համակերպվել նման փաստի հետ։ Քանզի ադրբեջանական կառավարությունից կախվածությունը, ինչ ձևով էլ դա դրսևորվելու լինի, հայ ժողովուրդն անընդունելի է համարում այն բռնությունների և ապօրինությունների պատճառով, որոնց ադրբեջանական կառավարության կողմից հայությունը մշտապես ենթարկվել է ամենուր, որտեղ փորձել է իր ճակատագիրը կապել այդ կառավարության հետ: Ազգային խորհուրդը Ղարաբաղի կառավարման միակ ընդունելի ձև է համարում անգլիական գեներալ-նահանգապետի նշանակումը: Եվ հենց այս հարցում է խնդրում առաքելության միջնորդությունն անգլիական բարձրագույն հրամանատարության առջև»: (Աղբյուրը՝ «Լեռնային Ղարաբաղը 1918-1923թթ.: Փաստաթղթերի և նյութերի ժողովածու»: Երևան, 1992, էջ 93, փաստաթուղթ 59…)

1992թ. մայիսի 9-ից հետո այդ օրն անվանեցինք և անվանում ենք «ազգային եռատոն»: 1941-1945 թթ. զոհվածների հիշատակը, և հետևապես՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից մեր պապերի ավանդը մեծարելուց բացի, հայերը նշում են Շուշիի ազատագրման և Արցախի (ԼՂՀ) պաշտպանության բանակի կազմավորման օրերը: Եվ դա 1991-1994 թթ. պատերազմում մեր զոհված եղբայրների և քույրերի հիշատակի օրն է, երբ մենք հիշում ենք նաև այնպիսի հայրենասերների նահատակությունը, ինչպիսիք են Լեոնիդ Ազգալդյանը, Արթուր Մկրտչյանը, Աշոտ Ղուլյանը (Ասկոլկա), Կարո Կահկեջյանը (Սպիտակ արջ), Յուրա Պողոսյանը, Մոնթե Մելքոնյանը և շատ-շատերը: Մենք մեծարելու ենք նաև նրանց, ովքեր անցան այդ պատերազմի բովերով և ողջ մնացին, ապրում են մեր կողքին: Եվ միշտ հիշելու ենք այդ տարիները, շատ տարբեր ու հակասական տարիները: Բայց՝ Ազգային Հույսի տարիները: 1918 թվականից ի վեր մենք թշնամուն հաղթում ենք մայիսին… Հավատում եմ, որ այդպես շարունակվելու է ընդմիշտ: Մեր մայիսյան հաղթանակների քաղաքական նշանակությունն անգնահատելի է: Բայց այդ մասին հարկ է ոչ միայն հիշել, այլև բարձրաձայնել, որպեսզի ոչ մեկի մեջ կասկած չառաջանա, թե ինչի համար են 1918թ., 1941-1945 թթ. և 1991-1994 թթ. մարտնչել ու զոհվել հայերը:

Սերգեյ Շաքարյանց