Լարսի անցակետում հերթերը պայմանավորված են մեքենաների մեծ հոսքով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից տեղեկացրել են, որ Լարսի անցակետում վերջին օրերին առաջած հերթերը պայմանավորված  են Ռուսաստանից դեպի Հայաստան մեքենաների մեծ հոսքով։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, այս պահին անցակետում հերթեր չկան, սպասման առավելագույն ժամանակահատվածը մարդատար ավտոմեքենաների համար կարող է կազմել 2-2,5 ժամ։ Հերթերում Հայաստանի քաղաքացիների մեքենաների թիվը կազմում է ոչ ավելի, քան 15-20%:

Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն անընդհատ կապի մեջ է Լարսի անցակետի բոլոր ծառայությունների ղեկավարների հետ։