ԱՄՆ-ը լրացուցիչ 7 449 000 դոլար կհատկացնի Հայաստանին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում մայիսի 8-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագրի թիվ 12 փոփոխությամբ տարբերակը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լրատվական ծառայությունը։

Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի կառավարության կողմից՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ԱՄՆ կառավարության կողմից՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիզերը և ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքս Սոկոլովսկին։

ԱՄՆ ՄԶԳ կողմից ներկայացված թիվ 12 փոփոխության նախագծով նախատեսվում է լրացուցիչ 7 449 000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որն ուղղվելու է ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվելիք ծրագրի ֆինանսավորմանը:

Շնորհակալություն հայտնելով ԱՄՆ ժողովրդին և կառավարությանը, նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը հայ ժողովրդին գործուն աջակցություն ցուցաբերելու համար` Տիգրան Խաչատրյանը մասնավորապես ասել է․ «Մեզ համար արդեն երկար տարիների լավ ավանդույթ է դարձել, որ ԱՄՆ կառավարությունը բազմաթիվ աջակցության ծրագրերով իր նպաստն է բերում հատկապես փոքր և միջին բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ ուղղություններին, և այս մեկ լրացուցիչ հնարավորությունը, որն ընձեռվեց Հայաստանի կառավարությանը, բացառություն չէ։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ խորհրդակցելով` մենք խնդրելու ենք, որ աջակցությունն ուղղվի զբոսաշրջության զարգացմանը, գյուղատնտեսությանը, ընդհանրապես փոքր բիզնեսին, որը համարում ենք, որ ամենամեծ ներառական աճի հնարավորություն է ընձեռում տնտեսության զարգացման և մեր ժողովրդի համար»։ Նախարարը նաև հավելել է, որ այս նպատակաուղղված հասցեական համագործակցությունը դեռ շատ օգուտներ է բերելու։

ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքս Սոկոլովսկին իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարար Խաչատրյանին ջերմ ընդունելության համար, նշելով, որ ուրախ է լինել Հայաստանում այս նոր ձևաչափով համագործակցությունը շարունակելու համար։ Ալեքս Սոկոլովսկու խոսքերով, ՄԶԳ-ն ամեն կերպ օգնում է գործընկեր երկրներին, որպեսզի իրենք զարգացնեն իրենց կարողությունները, իրենց սեփական ուժերին ապավինելու կարողությունները։ «Այս նպատակի համար անհրաժեշտ է, որ մենք սերտորեն համագործակցենք մեր գործընկերների հետ և, ի վերջո, գանք մի այնպիսի իրավիճակի, երբ մեր աջակցության կարիքը նրանք այլևս չեն զգա։ Առաջիկա ժամանակահատվածում մենք տեսնում ենք լավ և շատ հնարավորություններ, որտեղ մենք կարող ենք աջակից լինել ձեր նպատակների իրագործման համար։ Մենք ուրախ ենք տեսնել, թե մեր այս շարունակական համագործակցությունն ինչպես է ապահովելու հետագա ընթացքը և զարգացումը»,- ասել է Ալեքս Սոկոլովսկին։

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագիրը կնքվել է 2010թ. օգոստոսի 6-ին՝ ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման համար ԱՄՆ կառավարության կողմից ԱՄՆ ՄԶԳ միջոցով Հայաստանի կառավարությանը օժանդակություն տրամադրելու նպատակով։

2010-2018թթ. ընթացքում մշակվել և ստորագրվել են Համաձայնագրի թիվ 1-ից մինչև 11 փոփոխությունները, որոնք կատարվել են ԱՄՆ կողմից լրացուցիչ ֆինանսական հատկացումների իրականացման նպատակով։ Ֆինանսական հատկացումներն իրականացվել են մասնավոր հատվածի զարգացման, ֆինանսական ոլորտի օժանդակության և ենթակառուցվածքների ծրագրային ոլորտների համար:

ԱՄՆ կողմից տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը ներկայումս կազմում է 73 255 406 36 ԱՄՆ դոլար:

Թիվ 12 փոփոխությամբ Համաձայնագրի ստորագրումից հետո, ԱՄՆ կողմից տրամադրվող դրամաշնորհների ընդհանուր գումարը կկազմի 80 704 406 36 ԱՄՆ դոլար: Կերկարաձգվի նաև Համաձայնագրի իրականացման ժամկետը՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2023 թ. սեպտեմբերի 30-ը։