Զոհրաբ Մնացականյանը Ջորջ Քենթին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումը

Մայիսի 7-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթին, որն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ԱՄՆ առևտրի դեպարտամենտի, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարության մի շարք գրասենյակների բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանում է՝ մասնակցելու հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։

Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները բավական ամուր հիմքի վրա են, և Հայաստանը հանձնառու է քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ամրապնդման ուղղությամբ: Այս առնչությամբ երկուստեք ընդգծվել են հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության անցկացումը, ինչպես նաև տարբեր ձևաչափերով տեղի ունեցող պարբերական հանդիպումներն ու փոխայցելությունները, որոնք հնարավորություն են ընձեռում քննարկելու գործընկերային օրակարգի ընդլայնման ուղղությամբ քայլերը:

Նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները և ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը: Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է միջազգային գործընկերների հետ համագործակցության շարունակականությունը՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խթանմանն ու արձանագրված ձեռքբերումների ամրապնդմանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ  է կատարվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով գործընկերությանը վերաբերող հարցերի լայն շրջանակի: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ խնդիրների շուրջ:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պետքարտուղարի փոխտեղակալին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը։