Արցախում անցկացվել են մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներ

Այսօր՝ մայիսի յոթին,  մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների շրջանակում, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ու մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը հանդիպել են «Հերոսների հետքերով» դաս-արշավի մասնակիցներին, որի ժամանակ բանակի հրամանատարը կարևորել է նման նախաձեռնությունների անցկացումն ու անդրադարձ կատարել Շուշիի ազատագրման պատմական նշանակությանը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, նույն օրը Արցախի մայր բուհում կազմակերպվել է արիության դաս, որը ավանդաբար վարել են բանակի հրամանատարն ու կրթության, գիտության և սպորտի նախարարը:

Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է մայիսյան եռատոնի խորհուրդը, անդրադարձել մայիսյան հաղթանակների դասերին, խոսել պաշտպանության բանակի ստեղծման ու կայացման պատմության մասին՝ հետագա հաղթանակների գրավական համարելով միասնության գաղափարը: Վերջում, պատասխանելով ներկաների հարցերին, Կարեն Աբրահամյանն անդրադարձել է առաջնագծում առկա օպերատիվ-մարտավարական իրադրությանը, պաշտպանական ոլորտում իրականացվող համալիր գործընթացներին:

Եռատոնին ընդառաջ արիության դասեր են անցկացվել նաև հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում, որոնց մասնակցել են ՊԲ սպայակազմի ներկայացուցիչներ և Արցախյան ազատամարտի վետերաններ: