Ազգային-գիտամշակութային արժեքների նկատմամբ սրտացավությունը նազենիղարիբյանների համար վայ-հայրենասիրական դիլետանտություն է

Մեր հրապարակման առաջին մասում ներկայացրել էինք, որ Քարահունջ աստղադիտարանում պեղումների դեմ պայքարող «Փրկենք Քարահունջը» քաղաքացիական նախաձեռնության անդամները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ահազանգելով, որ աստղադիտարանի տարածքում ապօրինությունների պատճառով ոչնչացվում և նսեմացվում է արժեքավոր պատմամշակութային կոթողը։

Վարչապետին ուղղված նամակում նախաձեռնության անդամները պահանջում են իրենց հայտարարություններն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին՝ ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի գիտքարտուղար, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանի և «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տնօրեն Աշոտ Ավագյանի կողմից թույլ տրված չարաշահումների փաստերի առնչությամբ և ի հայտ բերել նրանց կողմից պետությանը պատճառված վնասը, պարզել դրանց դրդապատճառները և նրանց ֆինանսական աղբյուրների օրինականությունը: Ինչպես նաև Փիլիպոսյանին զրկել պեղումներ իրականացնելու իրավունքից և արգելել մոտենալ Քարահունջ աստղադիտարան հնավայրին, պարտադրել նրան իր անձնական միջոցներից կատարել անհրաժեշտ բոլոր հատկացումները՝ հուշարձանը նախկին տեսքին ու վիճակին բերելու համար:

Քաղաքացիական նախաձեռնության անդամ Նանա Հերունին մեզ հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ կառավարության և ՀՀ նախագահի որոշմամբ աստղադիտարան համարվող Քարահունջն այսօր անխնա ոչնչացվում է, իսկ պատկան մարմիններն աչք են փակում դրա վրա։

«Չենք ուզում, որ Քարահունջն արժանանա Հայաստանի տարբեր վայրերում պեղումներից հետո անվերադարձ ոչնչացված հուշարձանների ճակատագրին` Կարմիր բլուր, Մեծամորի դամբարաններ, Լճաշեն»,- ասաց մեր զրուցակիցը։

Քարահունջի ճակատագրով մտահոգ քաղաքացիների հորդորներին արձագանքնելու փոխարեն վարչապետն իրեն ուղղված նամակը վերահասցեագրել է ՀՀ մշակույթի նախարարությանը, որի լուռ համաձայնությամբ կամ անտարբերությամբ ոչնչացվում է քարե աստղադիտարանը։ Ամեն դեպքում Նանա Հերունին մեզ հավաստեց, որ իրենք բազմիցս դիմել են այդ կառույցին՝ ահազանգելով Քարահունջում կատարվող անօրինականությունների մասին, բայց իրենց ահազանգերն անարձագանք են մնացել։ Եվ միայն նամակը վարչապետի կողմից վերահասցեագրվելուց հետո ազգային մշակույթի պահպանությունն ստանձնած կառույցը պատիվ է արել պատասխանելու, որ հանցագործության մասին տեղեկություններ ունենալու դեպքում հարկավոր է դիմել իրավապահ մարմիններին։ Փաստորեն, նախարարությունը ձեռքերը լվացել է՝ մոռանալով, որ մշակութային հուշակոթողների նկատմամբ ոտնձգությունների ու հանցագործությունների դեպքում հենց իրենք են պարտավոր դիմել իրավապահ մարմիններին և նրանց ուշադրությունը սևեռել տվյալ հանցագործության վրա։

Անդրադառնալով Փիլիպոսյանին Քարահունջում պեղումներ իրականացնելու թույլտվությունից զրկելու պահանջին՝ նախարարությունը պատասխանել է․ «Հայաստանի Հանրապետությունում պեղումների թույլտվություն (բաց թերթիկ) տրվում է միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա, իսկ հնագիտական պեղումների արդյունքների մասին հաշվետվությունները գնահատում է միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը, հետևաբար մշակույթի նախարարությունը չունի լիազորություն որևէ  հնագետի զրկելու պեղումներ իրականացնելու իրավունքից»։

Նախարարությունը շրջանցել է քաղաքացիական նախաձեռնության հարցադրումը, թե արդյո՞ք միջգերատեսչական հանձնաժողովի անդամն իրավունք ունի ինքն իրեն պեղումների թույլտվություն տալու, այն դեպքում, երբ պեղումների արդյունքների մասին հետագայում հնագետները հաշվետու պետք է լինեն այդ նույն հանձնաժողովին։ Ստացվում է, որ նույն կառույցը, որում ընդգրկված է Աշոտ Փիլիպոսյանը, և պեղումների համար թույլտվություն տվողն է, և պեղումներ իրականացնողը, և վերահսկողը։

Սա մշակույթի նախարարության պաշտոնական պատասխանն է, դիրքորոշումը։ Բայց կա այսօր այդ կառույցը ղեկավարող տիկնոջ՝ Նազենի Ղարիբյանի ոչ պաշտոնական, անձնական դիրքորոշումը, մասնավորապես, Քարահունջ աստղադիտարանի վերաբերյալ։ Երբ ամիսներ առաջ «Փրկենք Քարահունջը» քաղաքացիական նախաձեռնության անդամները հերթական ահազանգն էին բարձրացրել Քարահունջի տարածքում իրականացվող անօրինական պեղումների մասին, այն ժամանակ ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը «Ֆեյսբուք» սոցիալական տիրույթում թեմայի առնչությամբ այսպիսի մեկնաբանություն էր թողել․ «Ես ուշադիր կարդացել եմ, վաղուց եմ այս խնդրի մեջ, դեռ «չինովնիկ» դառնալուց առաջ։ Իմ ստացած պատկերացմամբ՝ հակառակն է տեղի ունենում․ այդ հնագետներն են հալածանքի ենթարկվում գերազգայնական տգետների կողմից, որոնք գրել անգամ չգիտեն, բայց հաստատ գիտեն, որ այդ քարերը նախնադարյան աստղադիտարան են։ Ես որպես գիտնական եմ խոսում հիմա, վերջացրեք այս ամբողջ վայ-հայրենասիրական դիլետանտությունը։ Քարահունջն ընդամենը դամբարանադաշտ է, եթե կուզեք՝ սրբարան, բայց ոչ երբեք՝ աստղադիտարան»։

Նազենի Ղարիբյանի կենսագրությունն ուսումնասիրելիս կհամոզվեք, որ նա աստղագետի, առավել ևս հնէաբանի մասնագիտական կրթություն չի ստացել և ոչ էլ գործնականում հմտացել է այդ մասնագիտություների մեջ։ Անգամ պատկառելի գիտնականները, որոնք մասնագետ չեն, իրենց իրավունք չեն վերապահում նման հայտարարություններ անել՝ նշելով, թե իրենք տվյալ ոլորտի մասնագետ չեն։ Իսկ արվեստաբանի, պատմաբանի, լեզվաբանի կրթություն ստացած այդ տիկինն այնքան է մեծամտացել, որ մասնագետ չլինելով՝ պատասխանատու հայտարարություններ է անում և փորձում դրանցում համոզել իրեն լսողներին։ Հիմա ո՞ւմ վերաբերմունքն է դիլետանտական, հիմա ո՞վ է դիլետանտ։ Գոնե չխոսեն և իրենց ստացած կրթությունն էլ, մտավոր ունակություններն էլ կասկածի տակ չդնեն։ Էլ չենք խոսում ձեռքի հետ էլ հայրենասիրության զգացողությունը նվաստացնելու, ծաղրի առարկա դարձնելու նրա ներքին մղումների մասին։

Այսքանից հետո դեռ որևէ մեկի համար կասկածելի՞ է, որ Նազենի Ղարիբյանն ամենևին էլ չի ցանկանում և մտադիր էլ չէ Քարահունջ աստղադիտարանը վերացնելու և նսեմացնելու նպատակով իրականացվող «պեղումները» դադարեցել և պատմամշակութային արժեք ներկայացնող քարերն ու աստղադիտարանն աղավաղողներին պատասխանատվության ենթարկել։

Ի դեպ, Քարահունջ աստղադիտարանի տարածքում պեղումներ կատարող Աշոտ Փիլիպոսյանը մարտի 21-ին «Արմենպրեսին» տված հարցազրույցում հերքել է լուրերն այն մասին, թե ինքը չի ընդունում Քարահունջի՝ աստղադիտարան լինելու մասին Պարիս Հերունու պնդումները և ներկայացրած ապացույցները։

«Մարդիկ, որոնք խոսում են այդ մասին, չունեն մասնագիտական պատրաստվածություն, ուստի իմ խոսքը խեղաթյուրված են ներկայացնում, ես չեմ ասել, որ Քարահունջը միայն  դամբարանադաշտ է: Այն մեծ հնագիտական հուշարձան է, որը կազմված է մոտավորապես 4,5 հա տարածքից և մոտավորապես այդքան էլ դամբարանադաշտից: Աստղադիտարանի հետ կապված՝ ես չեմ քննադատում անգամ Հերունու մտքերը: Մենք մեր պեղումներով փորձում ենք մեր աշխատանքը կատարել»,- «Արմենպրես»ի հետ զրույցում նշել է Աշոտ Փիլիպոսյանը:

Բայց իր տված ասուլիսներից մեկում այդ մարդը, կանխակալ վերաբերմունք ցուցաբերելով, այնպես է խոսել Քարահունջի մասին, կարծես ի սկզբանե համոզված է, որ Քարահունջը ոչ թե աստղադիտարան է, այլ միայն դամբարանադաշտ, այն դեպքում, երբ պեղումները չեն ավարտվել և դեռ հստակ որևէ բան չի ապացուցվել։ Չի՞ նշանակում արդյոք, որ Աշոտ Փիլիպոսյանը պեղումները նախաձեռնել է ոչ թե պարզելու համար, թե Քարահունջի տարածքում ինչ է կառուցված, այլ Պարիս Հերունու՝ աստղադիտարանի մասին գիտական հիմնավորումներն ամեն գնով հերքելու նպատակով։

Բացի դրանից, մեզ հետ զրույցում զբոսավարներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, հավաստեց, որ Քարահունջում Աշոտ Փիլիպոսյանը մոտենում է զբոսաշրջիկներին և պնդում է, թե Քարահունջն ամենևին հնագույն աստղադիտարան չէ։

Ստախոսությունն այս դեպքում իր և իր հանցակիցների, այդ թվում Նազենի Ղարիբյանի և քաղաքացիական նախաձեռնության ահազանգը պրովոկացիա որակած մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանի իրական «առաքելությունը» քողարկելու տարբերակ է։ Արդեն բազմիցս այդ մարդիկ ապացուցել են, որ պաշտոնի են եկել մեր ազգային մշակույթը տարբեր ոլորտներում նսեմացնելու, հեղինակազրկելու և վերջնականապես ոչնչացնելու հատուկ առաքելությամբ։ Այս դեպքում միակ զարմանալին այն է, որ նման մարդիկ դեռ շարունակում են պաշտոնավարել ու մարսել իրենց արած անօրինականությունները՝ դրանց համար գոնե որևէ նկատողության չարժանանալով։

 

Թագուհի Ասլանյան